ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակության օրը Վատիկանում

Ս․թ․ փետրվարի 27-ին Վատիկանի պարտեզներում տեղադրված Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի մոտ  տեղի ունեցավ հանդիսավոր միջեկեղեցական արարողություն՝ նախաձեռնությամբ Հայ Եկեղեցու Սուրբ Աթոռում Ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության Սուրբ Աթոռում Դեսպանության ու նախագահությամբ Վատիկանի Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի ու Քրիստոնեական միության խրախուսման քահանայապետական խորհուրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի։

Հայ մե­ծագույն սրբի ու աս­տվածա­բանի հիշատակության արարողությանը՝ նախագահությամբ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ներկայությամբ կարդինալներ Լեոնարդո Սանդրիի ու Կուրտ Կոխի, իրենց մասնակցությունը բերեցին հայ առաքելական և կաթոլիկ հոգևորականներ։   Դիտել տեսանյութը 🎬

Հանդիսությանը ներկա էին ՀՀ Սուրբ Աթոռում և Իտալիայի Հանրապետությունում դեսպաններ՝ պարոն Կարեն Նազարյանը և տիկին Ծովինար Համբարձումյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում տարբեր երկրների դեսպաններ և Հռոմի Հայ համայնքի ներկայացուցիչներ։

Արարողության ժամանակ հայ համայնքի երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին Սբ․ Գրիգոր Նարեկացու տաղերից՝ «Հավուն հավուն» /սրինգ՝ Սոնա Հակոբյան/  և  «Սայլն այն իջանէր» /սոպրանո՝ Մարինե Գրիգորյան/։

Իր փակման խոսքում դեսպան Նազարյանը՝ բնորոշելով Գրիգոր Նարեկացուն որպես «Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ, որն ունակ է միավորել ժողովուրդներն ու եկեղեցիները»,  վերահաստատեց հայ ժողովրդի կամքը «միասնական շարունակել եղբայրական ճանապարհը և համաշխարհային երկխոսությունը՝ ի նպաստ միմյանց սուրբ գանձերի փոխանակմանը`  սիրո, հարգանքի և փոխվստահության ոգով»:

Նախքան միջեկեղեցական արարողությունը, Սբ․ Պետրոսի տաճարում՝ Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին Սուրբ Պատարագ մատուցեց ի հիշատակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Համապատարագեցին՝ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Գերշ․ Տ․ Լևոն արքեպիսկոպոս Զէքիյանը և Քրիստոնեական միության խրախուսման քահանայապետական խորհուրդի քարտուղար կարդինալ Բրայան Ֆարելը։

Հարկ է հիշել, որ 2015 թվականի ապրիլի 12-ին ՝ Հռոմի Սուրբ Պետրոս Տաճարում՝  Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Սուրբ Պատարագի ընթացքում  Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Ընդհանրական Եկեղեցու վարդապետ»:

Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետն՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո   կաթողիկոսների հետ, օրհնեց Վատիկանի պարտեզնե-րում  տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։

Իսկ վերջերս, փետրվարի 2-ին, Սբ. Աթոռի Պաշտամունքի և խորհուրդների մատակարարման ժողովը հայտարարեց Ֆրանցիսկոս Պապի հրամանը՝ արձանագրել Սուրբ Գրիգոր Նարեկացուն Լատինական Եկեղեցու ծիսական օրացույցի մեջ, Հայոց Սուրբին հիշատակելով յուրաքանչուր տարվա  փետրվարի 27-ին։