Բելգիայում Հայ Առաքելական Եկեղեցին, նախագահությամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, երեքշաբթի, 15֊ը Օգոստոս 2023 թ.֊ին, Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով, կազմակերպել էր ուխտագնացություն` Բանո (Banneux ֊Belgique) գյուղաքաղաքի Սուրբ Աստվածամորը նվիրված ուխտավայրում։
Տեղեկությունների համաձայն, 90 տարի առաջ, 1933 թ.֊ին, հունվարի 15֊ից մարտի 2֊ը ընկած ժամանակաշրջանում, 8 անգամ, Սուրբ Մարիամ Աստվածածին երևացել է Մարիետ ԲԵԿՈ անունով 12 ամյա մի աղջնակի, խոսել նրա հետ ու փոխանցել բազմաթիվ պատգամներ, այդ թվում, որ այնտեղ գտնվող մի աղբյուր լճակը դառնա աղքատների, հիվանդների և նեղության մեջ եկողների համար օգնություն, մխիթարանք և փրկություն։
Աստվածամայրը նաև խնդրում է, որ այդ վայրում մի մատուռ կառուցել Իր համար և անձանձրույթ աղոթել, հավատալ Իրեն, որ Ինքն էլ հավատա ու օգնի Իրեն հավատացողներին ու աղոթողներին` վստահեցրել որ Ինքը Ամենափրկիչ Մայրն է, Մայրն Աստուծո։
Ժամը 15։00֊ին, տեղի ունեցավ Ուխտավորի աղոթք, Խաղողօրհնեքի ավանդական արարողություն և Հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, Մաղաքիա Աբեղա Պեսքիսիզյանը, ինչպես նաև Սարկավագներ, Բրյուսելի Եկեղեցու Երգչախումբ֊ը, Դպրաց դասի անդամներ և հարյուրավոր ուխտավորներ Եվրոպայի զանազան երկրներից, այդ թվում Բելգիայի, Հոլլանդիայի, Գերմանիայի տարբեր շրջաններից ու քաղաքներից։
Արարողության ընթացքին Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը իր պատգամը փոխանցեց բարեպաշտ և հավատացյալ ժողովրդին` գնահատելով նրանց հոգևոր քայլը, հորդորելով հաստատուն մնալ իրենց հավատքի, հույսի և սիրո մեջ։
Վերջում, օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկա հավատացելոց` հայցելով, որ Բարին Աստված օրհնի իր հավատարիմ զավակներին, նրանց ուխտն ու ուխտագնացությունը։
Թո՛ղ մեր Բարեխոս Ս.Մարիամ Աստվածածին, Իր մայրական անսահման սիրով լինի բոլորին օգնական ու պահապան։