ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Նիդերլանդների Հայաստանյայց Եկեղեցու ծխերի ներկայացուցիչների 2-րդ հավաք

Հունիսի 11-ին, հոլանդական Արնեհեմ քաղաքում տեղի ունեցավ Նիդերլանդներում գործող Հայ Եկեղեցու բոլոր ծխերի ներկայացուցիչների այս տարվա 2-րդ ժողովը, որ նախագահեց Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Ներկա էին նաև Հոլանդիայում իրենց առաքելությունը կատարող հայ հոգևոր հովիվները։ Առաջին նման հավաք կայացավ մոտ երեք ամիս առաջ՝ մարտի 26-ին, մեկ ուրիշ հոլանդահայության կենտրոն՝ Ալմելո քաղաքում։

Մինչ այդ, տեղի հայ համայնքը՝ երկրի տարբեր վայրերից ժամանած հոլանդահայության հետ միասին առիթ ունեցան մասնակցելու Սբ․ Պատարագի՝ ձեռամբ Տ․ Մաշտոց քհն․ Բաղդասսարյանի, որին քարոզեց Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Պատարագի ավարտին՝ եկեղեցուն հարակից սրահում կազմակերպված հյուրասիրությանը ներկաներին առիթ ընձեռվեց շփվելու և վայելելու հայկական խոհանոցի ուտեստներ։

ժողովին քննարկվեցին գործող ծխերի ընդլայնման, նոր ծխերի հիմնադրման, ինչպես նաև մոտ ապագայում Նիդերլանդներում հայ եկեղեցական համայնքի պաշտոնապես կանոնավոր արձանագրման և առանձին Նիդերլանդների Հայ Եկեղեցու թեմի կազմավորման հարցեր։ Այդ նպատակով քննության առնվեց նախորդ ժողովին ներկայացված ծխական համայնքների կանոնադրության նախագիծը։

Ներկաները իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն արտահայտեցին Սրբազան Հորը իր մասնակցության, գործնական առաջարկների և բազմամյա փորձը փոխանցելու համար։