ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Միջեկեղեցական աղոթք  Հռոմում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ 

Ապրիլի 27-ին, Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցչության, Քահանայապետական Լևոնյան կաթոլիկ հայ վարժարանի, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունների կազմակերպմամբ՝ Հռոմի Ս․ Բարդուղիմեոսի եկեղեցիում կատարվեց միջեկեղեցական աղոթք ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Արք․ Յան Էռնեստը, ղպտի ուղղափառ, ռուս ուղղափառ, կաթոլիկ, անգլիկան, ավետարանական-լյութերական և մեթոդիստական եկեղեցիների ներկայացուցիչներ, Comunità di Sant’Egidio միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Մարկո Իմպալյացցոն, հասարարական և քաղաքական գործիչներ, բազմաթիվ դեսպաններ, լրագրողներ, ինչպես նաև հայ հոգևորականներ և հավատացյալներ:
Միջոցառման մեկնարկին բարի գալուստ մաղթեց ներկաներին Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու լուսարարապետ Հայր Անջելո Ռոմանոն։ Ապա ողջույնի խոսքով հանդես եկան Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպաններ՝ տիար Կարեն Նազարյանը և տիկին Ծովինար Համբարձումյանը։
Արարողությանը նախագահեց և իր պատգամը հաղորդեց Սուրբ Աթոռի Քրիստոնյաների միասնության խթանման վերատեսչության նախագահ՝ Վսեմաշուք կարդինալ Կուրտ Կոխը։ Իր ընդարձակ քարոզում նա նախ հիշեցրեց, որ հայոց ցեղասպանությամբ սկսվեց երկրորդ հազարամյակի վերջին և երրորդ հազարամյակի սկզբին բազում քրիստոնյաների նահատակության ողբերգական պատմությունը։
«Մենք մեծ երախտիք և պարտք ունենք հայ քրիստոնյաների առաջ, որ իրենց կյանքով վկայեցին, թե ինչ է նշանակում նահատակություն։ Այս բառը գալիս է հունարեն «martys» բառից, որը նշանակում է «վկա»: Քանի որ նահատակը՝ մարտիրոսը, հավատքը վկայում է ոչ միայն իր խոսքով, այլև իր վարքով, նա դասվում է հավատքի ամենաարժանի վկաների շարքին»,- ասաց նա:
Հայ նահատակների օրինակի վրա կարդինալը հաստատեց, որ նահատակությունը էկումենիկ է և նահատակների էկումենիզմը, կամ ինչպես Ֆրանցիսկոս պապն է ասում՝ «արյան էկումենիզմը», անկասկած, այսօրվա էկումենիզմի ամենահամոզիչ հատկանիշն է։
Մտաբերելով մի քանի քննադատական փիլիսոփաների, կարդինալ Կոխը արտահայտեց նրանց այն միտքը, որ իրական արդարությունը պահանջում է վերացնել ոչ միայն այսօրվա մարդկության, այլև «անդառնալի անցյալի» տառապանքները։ Դրա համար բավական չէ, որ մարդիկ հիշատակեն պատմության զոհերին․ պետք է, որ վերջիններիս անունները գրվեն Աստծո կենդանի հիշողության մեջ, ուստի չի կարող լինել արդարություն առանց զոհերի հարության:
Նա նշանակալից համարեց այն, որ հայ նահատակների ոգեկոչումը համընկնում է Զատկի տոնական շրջանի հետ: Կարդինալի համոզմամբ, նահատակների հավատքի վկայությունն իրականում ամրացնում է քրիստոնյաների հարության հույսը, որ ովքեր կիսեցին Հիսուսի տառապանքները, կիսեցին նաև նրա հարությունը և հավերժական կյանքը Հոր հետ:
Կարդինալ Կոխը ավարտեց իր պատգամը հետևյալ խոսքերով․ «Այս երեկո հավաքվել ենք նահատակների հիշատակին նվիրված Սբ․ Բարդուղիմեոսի եկեղեցում այն հույսով, որ Աստծո մոտ բնակություն ստանալու այսօրվա Ավետարանի խոստումը արդեն կատարվել է իրենց համար։ Նահատակված հայ քրիստոնյաներին հանձնում ենք Աստծո փրկարար սիրուն, բայց և խնդրում ենք նրանց բարեխոսությունը, որ իրենց աղոթքներով ուղեկցեն մեզ մեր հավատքի վկայության մեջ, և հատկապես, սատար կանգնեն այն բազմաթիվ քրիստոնյաներին, ովքեր այսօր հալածվում են և նահատակվելու են: Այս աղոթական ոգով շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովրդին իր հավատքի վկայության համար, որովհետև նա իր կյանքով արժանահավատորեն հաստատեց այն, ինչ Պետրոսի առաջին թուղթը, հստակորեն հորդորում է մեզ անել մեր կոչման շնորհիվ՝ տալով քրիստոնեական նահատակության գլխավոր նկարագիրը»։
Հավարտ աղոթքի շնորհակալական խոսքով դիմեց Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Այնուհետ, եկեղեցու լուսարարապետը բոլորին հրավիրեց իր ուղեկցությամբ շրջայց կատարել եկեղեցու ստորգետնյա դամբարանում գրեթե մեկ ամիս առաջ բացված XX-XXI-րդ դարի Նոր նահատակների հուշաթանգարանում։ Դիտել տեսանյութը․ 🎥