ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հովվական այցելություն Իսպանիայի Վալենսիա քաղաք

Մարտի 25-ից 26-ը հովվական այցելությամբ Իսպանիայի Վալենսիա քաղաքում գտնվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Սրբազան Հորն ուղեկցում էր Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգշ․ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը և Մալագայի և շրջակայքի հոգևոր հովիվ Տ․ Թորոս քահանա Իսայանը:

Այցի նպատակը`Վալենսիա քաղաքում եկեղեցական-համայնքային կյանքի կազմակերպումն էր, ինչպես նաև Արժանապատիվ Տ․ Թորոս քահանա Իսայանին այցելու հովիվ նշանակելն էր Վալենսիա քաղաքի և շրջակա բնակավայրերի:

Մարտի 26-ին մատուցվեց Սուրբ Պատարագ` նախագահությամբ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի:

Սրբազան Հայրն իր քարոզում վերհիշեց մեր հավատքի հայր Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիքլը, այն որակելով  դարերի հոլովույթում իբրև հայ ժողովրդի շարունակական առաջընթացի գրավական և ուղեցույց մեր օրերում ինքնակազմակերպման և աշխարհին ներկայանալու լավագույն  միջոց:

Հավարտ Սուրբ Պատարագի  տեղի ունեցավ ժողով ներկա հայ հավատացյալների մասնակցությամբ` առաջիկա ծրագրերի նախագծման և իրականացման համար: