Հաջորդ օրը, կիրակի հետմիջօրեին, Խաժակ Սրբազանի ձեռամբ և Հոգշ․ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի առընթերականությամբ Լիսաբոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պորտուգալահայ համայնքի վերջին տարիների պատմության մեջ Զատկական անդրակին Ս․ Պատարագը, որը կազմակերպել էր Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միությունը: Նրան մասնակցեցին ավելի քան 50 հայ հավատավորներ՝ Լիսաբոնից, մոտակա շրջաններից և մինչև իսկ Պորտո քաղաքից։
Այդ ուրախ առիթով, ներկաների մեծ մասը նույն երեկոյան հավաքվեց սիրո սեղանի շուրջ՝ Ararat հայկական ռեստորանում ընթրիքի, որն ուղեկցվեց սրտագին կենացներով և հայկական երգով։
Միասնորեն ակնկալվեց մոտակայում ստեղծել ժամանակավոր եկեղեցական խորհուրդ, որի առաջնային նպատակը կլինի քարտեզագրել և կապ հաստատել Պորտուգալիայի մայրաքաղաքում և շրջակա վայրերում բնակվող հայության հետ՝ ծխական կյանքի և Եկեղեցու հայապահպան ծրագրերի մեջ ներգրավելու նպատակով։
Մեկնելուց առաջ, երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամյանը հյուրընկալվեց Լիսաբոնի Պատրիարք, Արքեպիսկոպոս Րույ Մանուել Սոուզա Վալերիոյի մոտ։ Հանդիպմանը ներկա եղավ նաև Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Տիար Վահե Մխիթարյանը։
Սրբազան Հայրը նախ շնորհակալություն հայտնեց քաղաքի հոգևոր առաջնորդին իրեն անձնապես ճանաչելու ընձեռած հնարավորության, ինչպես նաև Սուրբ պատարագի կապակցությամբ կաթոլիկ աղոթավայր տրամադրելու համար։
Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հյուրընկալ հոգևորականը բարձր գնահատանք տվեց նրա գործունեությանը՝ հօգուտ իր համար երկրորդ հայրենիք դարձած Պորտուգալիայի և նրա ժողովրդի բարօրությանը։
Հյուրընկալ հոգևորականը Խաժակ Սրբազանից տեղեկացավ երկրում բնակվող հայության մասին և, հանդիպմանը ներկա գտնվող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացավ հայ հավատավորների հոգևոր կարիքները բավարարելու համար տրամադրել մի եկեղեցի, ուր կանոնավոր պատարագներից բացի հնարավոր կլինի նաև ստեղծել կիրակնօրյա դպրոց։
Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած զրույցի ավարտին Սրբազան Հայրը Լիսաբոնի Պատրիարքին նվիրեց Սուրբ Կույսի Ավետման փայտե սրբապատկերը։