ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հանդիպում Բելգիայի Հույն Եկեղեցու Մետրոպոլիտ Աթենագորասի հետ

Փետրվարի 21-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Բելգիայում ծառայող Հայ Եկեղեցու երեք հոգևորականների՝ Զատիկ Վրդ․ Ավետիքյանի, Տիրայր Վրդ․ Հակոբյանի և Մաղաքիա Աբղ․ Բեսքիսիզյանի ընկերակցությամբ, այցելեց Հույն Ուղղափառ Եկեղեցու Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Մետրոպոլիտ Աթենագորասին։

Մետրոպոլիտ Աթենագորասը նաև Բելգիայի պետությունում բոլոր Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պաշտոնական ներկայացուցիչն է։

Հանդիպման ընթացքում Խաժակ Սրբազանը ծանոթացրեց Բելգիայում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, և ներկայացրեց երկրի ներկայիս հինգ հայկական եկեղեցական համայնքներում իրենց ծառայությունը մատուցող ներկա երեք հոգևորականներին։

Մետրոպոլիտ Աթենագորասը շնորհակալություն հայտնեց Խաժակ Սրբազանին իր այցելության և Բելգիայում Հայ Եկեղեցու ներկայիս գործունեության մասին տված տեղեկությունների համար։  Նա հայտնեց պատրաստակամություն աջակցելու և զորակից լինելու, որպեսզի Հայ Եկեղեցին լավագույնս կերպով իրագործի իր առաքելությունը  Բելգիայում և պետության կողմից պաշտոնապես ճանաչվի։  Նա գոհունակություն արտահայտեց, որ Խաժակ Սրբազանի առաջնորդությամբ երեք հոգևորականները իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը։