Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու ԱՅՈ երիտասարդական միության մայիսի 20-ին կազմակերպած հերթական հանդիպումը յուրօրինակ էր, որովհետև այն անցկացավ ներկայությամբ ու գլխավորությամբ Արևմտյան Եվրոպայի հայարապետական պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամյանի: Սրբազան Հայրը խոսեց երիտասարդների հետ հայ ինքնության մասին, բացատրեց թե որքան կարևոր է լավ քաղաքացիներ լինել մեր ապրած երկրում, բայց նաև պահպանել հայ ինքնությունը՝ որպես կայուն վիճակ ցանկացած միջավայրում և ամենուր: Սրբազան Հայրը հաջողված մարդկանց օրինակներ բերեց, որոնք լինելով օտար երկրի քաղաքացի և զբաղեցնելով բարձր պաշտոններ չեն դադարել կրել իրենց ազգային ինքնությունը, և դա լրացուցիչ առիթ է հանդիսացել հասարակության կողմից բացառիկ հարգանքի տվյալ անձանց հանդեպ:
Հանդիպման ընթացքում երիտասարդները առիթն ունեցան նաև իրենց հուզող հարցերն ուղղել Սրբազան Հորը և ստանալ սպառիչ պատասխաններ: Նրանք գոհունակ սրտով հրաժեշտ տվեցին Սրբազան Հորը՝ հույս հայտնելով, որ այսպիսի հանդիպումները հաճախ կլինեն: