Մայիսի 31-ից հունիսի 6-ը հայ հոգևորականները՝ ի թիվս Արևելյան Ուղղափառ տարբեր Եկեղեցիների այլ երիտասարդ քահանաների և վանականների Վատիկանում մասնակցում են Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության շրջանակում կազմակերպվող երկրորդ հավաք-հանդիպմանը։ Առաջին նման ճանաչողական այցը կազմակերպվել է 2020 թվականի փետրվարի 15-ից 22-ը։
Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհրդի հրավերով՝ Հայաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաստանից, Եթովպիայից և Էրիթրեայից ժամանած տասնութ վանականներ և քահանաներ այսօր՝ հունիսի 3-ին, պաշտոնական հանդիպում ունեցան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։
Հայ պատվիրակությունը, որի կազմում են Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևորականներ, նախագահում էր Սբ․ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։
Ֆրանցիսկոս Պապը՝ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն»՝ Պողոս առաքյալի այս խոսքերով ջերմ ողջունելով ներկաներին, ուրախություն հայտնեց, որ նման հանդիպումը տեղի է ունենում Հոգեգալստյան տոնի նախօրեին։ Նորին Սրբությունը իր պատգամը արծարծեց քրիստոնյաների միասնությունը բնորոշող չորս հիմնական կետերի շուրջ։ Նախ, միասնությունը որպես «պարգև՝ Վերևից տրված մի հուր», հորդորելով բոլորին աղոթել, աշխատել, խոսակցել, պատրաստվել ստանալու այդ արտասովոր շնորհը։ Ապա անդրադարձավ Հոգեգալուստի երկրորդ պատգամին, ըստ որի միասնությունը «համերաշխություն է»: Պենտեկոստեի երրորդ պատգամն այն է, որ միասնությունը «ճամփորդություն է»: Այն սեղանի շուրջ մշակված նախագիծ չէ, այլ ընթանում է շարժման, նոր դինամիզմի մեջ, որ Հոգեգալստից ի վեր Սբ․ Հոգին շարունակում է հաղորդել իր աշակերտներին։
Այնուհետ, Ֆրանցիսկոս Պապը հատկանշեց Հոգեգալստյան պատգամի վերջին՝ չորրորդ տեսույթը՝ Ավետման բեղունության մասին, դիտելով «միասնությունը որպես առաքելություն»։ «Այսօր աշխարհը դեռևս անգիտակցաբար սպասում է՝ ստանալու գթության, ազատության և խաղաղության Ավետումը, որ մենք կոչված ենք վկայելու միմյանց, ոչ թե մեկը մյուսի դեմ կամ մեկը մյուսից հեռու»: Ֆրանցիսկոս Պապը իր երախտապարտությունը հայտնեց Արևելյան Եկեղեցիներին նրանց միասնական վկայության համար, մասնավորապես նրանց, ովքեր արյունով են կնքել են իրենց հավատքն առ Քրիստոս: Սրբազան Քահանայապետի հետ հանդիպումից հետո, պատվիրակության անդամներին ընդունեց Սուրբ Աթոռի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը:
Այս մեկշաբաթյա այցի առաջին օրը, մայիսի 31-ին՝ պատվիրակության անդամներն ուղևորվել էին Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհուրդ, որտեղ նրանց ընդունել էր նախագահ Կարդինալ Կուրտ Կոխը, ապա այցելել էին Միջկրոնական երկխոսության քահանայաայրապետական խորհուրդ։ Օրվա վերջում պատվիրակությունն այց էր կատարել նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, Սանտ Անսելմոյի աբբայություն և նրան կից համալսարան:
Պատվիրակության անդամները ծանոթացան Հռոմեական կուրիայի տարբեր բաժինների, մասնավորապես՝ Պետքարտուղարութան, Արևելյան Եկեղեցիների ժողովի, Հավատքի վարդապետության ժողովի և Կաթոլիկ դաստիարակության ժողովի կառուցվածքի և գործունեության հետ: Նախատեսվում է այցելել տարբեր քահանայապետական ուսումնակրթական հաստատություններ: