Կիրակի՝ մայիսի 19-ին առավոտյան ժամը 11։30-ին կատարվեց Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի առջև զետեղված խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի, որին մասնակցեց նաև Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգշ․ Շնորհք Աբղ․ Սարգսյանը:
Ներկա եղան Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն․ Սոս Ավետիսյանը և դեսպանության ամբողջ աշխատակազմը, Մադրիդի երկրորդ փոխքաղաքապետ պրն․ Բորխա Ֆանխուլը, քաղաքային խորհուրդի խորհրդական պրն․ Խուան Տելեսը, իսպանական PRISA՝ հաղորդակցության, կրթության, մշակույթի և զվարճանքի ոլորտներում առաջին ընկերության փոխնախագահ տկն․ Պիլար Խիլը և իստիտւցիոնալ հարաբերությունների բաժնի պատասխանատու պրն․ Խուան Տելեսը, Իսպանիայում Նիկարագուայի դեսպանը, այլ պատվավոր հյուրեր և բազում հայ հավատավորներ Իսպանիայի տարբեր վայրերից։ Դիտել տեսանյութը🎥
Մոմիկի Նորավանքի ասեղնագործ խաչքարին նմանվող այս խաչարձանը, որի հեղինակը Արտակ Համբարձումյանն է, այստեղ տեղադրվել էր անցած տարվա օգոստոս ամսին` նվիրատվությամբ Մադրիդի հայ համայնքի, որպես բարեկամության և երախտագիտության նշան Իսպանիայի ժողովրդի և նրա Կաթոլիկ Եկեղեցու հանդեպ։
Հավարտ արարողության Մադրիդի մայր տաճարում մատուցվեց Ս․ Պատարագ՝ նախագահությամբ Մադրիդի մետրոպոլիտի։
Կարդինալ Խոսե Կոբո Կանոն իր քարոզում անդրադարձ կատարեց Հայ առաքելական Եկեղեցուն, ի մասնավորի Խաժակ Արք․ Պարսամյանին, ով Հոգեգալստյան այս հոգեպարար տոնի առիթով մասնակցում էր մայր տաճարում մատուցվելիք Սուրբ Պատարագին, իր հավատավոր հոտի հետ միասին:
Գերապայծառ Կարդինալը զուգահեռներ անցկացրեց Տիրոջ աշակերտների միասին և միախորհուրդ լինելու և այդ օրը, հայ ու իսպանացի հոգևորականների ու հավատացյալ ժողովրդի միասնական աղոթք բարձրացնելու հետ:
«Ինչպես որ Տիրոջ առաքյալներն էին տարբեր իրենց մարդկային էությամբ, բայց միասնական իրենց հավատքով, այնպես էլ մենք այսօր տարբեր ենք մեր մշակույթներով, սակայն միասնական ենք մեր հավատքի մեջ: Պայման չէ որ մեր միասնականությունը բացառի մեր բազմազանությունը: Աշխարհն առավել քան երբևէ կարիք ունի աստվածային խաղաղության, որը կարող է իրականություն դառնալ մեր միասնական աղոթքի միջոցով` խնդրելով Ամենակարող Աստծուն, որ առաքի իր խաղարարար Սուրբ Հոգին և միավորի մեզ բոլորիս իր շուրջը», – ասաց Մադրիդի հոգևոր առաջնորդը:
Պատարագի ավարտին իր խոսքում Խաժակ Սրբազանը նախ անդրադարձավ խաչքարին՝ որպես հայազգի ինքնության եզակի և մնայուն խորհրդանիշի, նրա հավատքի, մշակութային ժառանգության և քանդակագործության արվեստի կարևոր արտահայտութանը, որի հատկանշական տարրը՝ խաչն է:
Հիշեցնելով, որ Քրիստոնեության վաղ օրերից խաչը եղել է ինչպես Կաթոլիկ, այնպես էլ Հայ Եկեղեցու համար հավատքի հավիտենական խորհրդանիշ, սիրո, զոհաբերության և փրկագործության մարմնավորում, նա մասնավորեց, որ նորաօծ խաչքարը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միասնության և երկու Եկեղեցիների սերտ հարաբերությունների հիանալի վկայությունն է:
Սրբազանը ողջունեց Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև ջերմ հարաբերությունները և համագործակցության ոգին, որն առկա է նաև տեղական մակարդակներում, ինչպես օրինակ Իսպանիայում, որտեղ մոտ 40-հազարանոց հայ համայնքի հավատավորներին, կենտրոնացված հիմնականում Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Մալագայում և Սևիլիայում, հնարավորություն է ընձեռվում պատարագ կատարել կաթոլիկ եկեղեցիների հյուրընկալությամբ։
Սրբազանը ավարտեց իր խոսքը մեջբերումով 1996 թ. դեկտեմբերի 13-ին, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից Վատիկանում ստորագրված Համատեղ Հայտարարությունից․
«Հովհաննես Պողոս Բ Պապը և Գարեգին Ա Կաթողիկոսը կոչ են ուղղում իրենց հոգևորականությանն ու աշխարհական դասին’ ավելի աշխույժ և արդյունավետ կերպով առաջ տանելու իրենց ամբողջական համագործակցությունը ծառայության բոլոր ասպարեզներում և դառնալու հաշտության, խաղաղության և արդարության գործակալները, պայքարելու մարդկային իրավունքների ճշմարիտ ճանաչման համար և իրենք իրենց նվիրելու’ զորավիգ լինելու բոլոր նրանց, որոնք տառապում են և հոգևոր ու նյութական կարիքի մեջ են ողջ աշխարհում»։
Ապա, Խաժակ Արք․ Պարսամյանը դիմելով Մադրիդի Արքեպիսկոպոսին մաղթեց, որ այդ նորաօծ խաչքարը հիշեցում լինի բոլորի համար երկու Եկեղեցիների երջանկահիշատակ պետերի այդ կոչի մասին։
Ուշագրավ է, որ հայերի և Իսպանիայի միջև առաջին նշանակալից շփումը տեղի է ունեցել խաչակրաց արշավանքների ժամանակ։ Կիլիկիո թագավորության անկումից հետո Լևոն V արքան 1383 թվականին հյուրընկալվել է Կաստիլիայի թագավոր Հովհաննես I-ի կողմից։ Լևոն արքայի ներկայությունը Իսպանիայում խթանել է երկու մշակույթների միջև փոխգործակցությունը:
XV-րդ դ․ Բյուզանդական կայսրության անկումից դրդված բազմաթիվ հայեր ապաստան են փնտրել Արևմտյան Եվրոպայում, այդ թվում Իսպանիայում։ Հայ վաճառական մի քանի ընտանիքներ հաստատվել են Իսպանիայի հարավում գտնվող Կադիս քաղաքում՝ սահմանակից Ջիբլարթարի նեղուցին, որով հայ առեւտրականների նավերն անցնում էին հասնելով մինչև Հնդկաստան:
Առաջին զգալի հայկական համայնքները Իսպանիայում սկսել են ձևավորվել Օսմանյան կայսրությունից գաղթած հայերից, նախ 17-18-րդ դարերում և հետագայում՝ 20-րդ դարի սկզբին, Հայոց ցեղասպանության հետևանքով։
Ներկայումս, մոտ 40-հազարանոց հայ համայնքը, բաղկացած է մեծամասամբ 1990-ականներից սկսած Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներից, որոնք բնակություն են հաստատել հիմնականում Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Մալագայում և Սևիլիայում։