Հոկտեմբերի 22-ին, Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ Առաքելական եկեղեցու բակում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերշ. Տեր Խաժակ Արք. Պարսամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրաված խաչքարի օծման արարողություն։
Արարողությանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան՝ Վիկտոր Բիյագովը, ինչպես նաև Նիդերլանդների տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Խաչքարը տեղադրվել է եկեղեցու հավատացյալ՝ Արմեն Ավանեսովի բարերարությամբ: Խաչքարի հեղինակը հայաստանաբնակ Արտակ Համբարձումյանն է, այն Հայաստանից Նիդերլանդներ հասավ և եկեղեցու բակում տեղադրվեց օժանդակությամբ և հովանավորությամբ՝ Գալուստ Աբրահամյանի և Տարոն Խաչատրյանի:
Օծման արարողության ավարտին Սրբազան Հայրն իր պատգամն ուղղեց ներկաներին. «Այս խաչը օրհնվելով և օծվելով Սուրբ Մյուռոնով դարձավ Սուրբ Խաչ, խաչ որի առջև մենք պետք է շարունակենք երկրպագել, խաչ, որի առջև մենք պետք է շարունակենք աղոթել: Պետք է աղոթենք, որպեսզի նրանք ովքեր այսօր և անցյալում իրենց կյանքը զոհեցին մեր հայրենիքի համար, Արցախի համար, որոնց կյանքը սուրբ կյանք դարձավ մեր հայրենիքի համար, մեզ խանդավառող առիթ դառնան: Եկեք միասին այս խաչքարի առջև աղոթենք. հայրենիքի, Արցախ աշխարհի և Սփյուռքի միասնության համար: Վստահ եղեք, որ մեր միասնական աղոթքի մեջ, մենք՝ հայ ժողովրդի զավակներս, պիտի շարունակենք հրաշքներ գործել»:
Դեսպան Բիյագովն իր խոսքում ևս շեշտեց միասնության կարևորությունը, միասնության մեջ տեսնելով մեր ուժը. «Մեզ այսօր միավորել է ոչ միայն համընդհանուր ցավը, մորմոքը, այլ նաև խորը հպարտությունը: Այս խաչքարն ապացույց է հայ ժողովրդի անկոտրուն կամքի և ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու բացառիկ քաջության: Միայն ու միայն ամուր Հայաստանն ու մեր Եկեղեցին է հայ ժողովրդի անվտանգության և հարատևության երաշխավորը: Այսօրվա հրամայական է՝ համախմբել բոլորիս ուժերը, թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում հանուն մեր երազանքի պետության կերտման»:
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» և Հիրհուխովարդի ծխական համայնքի կիրակնօրյա դպրոցների սաները, նաև «Արմենիա» երաժշտական կենտրոնի երաժիշտները: