Մայիսի 9-ից 14-ը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Թավադրոս Բ Պատրիարքն իր գլխավորած պատվիրակության հետ այցելեց Հռոմ՝ Պողոս Զ Պապի հետ իր նախորդի՝ Շենուդա Բ-ի պատմական հանդիպման 50-ամյակի և Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոսի հետ իր առաջին հանդիպման 10-ամյակի առիթով։
Այցի շրջանակում՝ Սբ․ Հովհաննես Լաթերանի (San Giovanni in Laterano) Հռոմի մայր եկեղեցում շաբաթ օրը տեղի ունեցավ Թավադրոս Բ Պատրիարքի ունկնդրությունը ղպտի հավատավորների հետ, իսկ հաջորդ օրը, կիրակի առավոտյան՝ իր նախագահությամբ մատուցվեց ղպտի պատարագ։
Այդ երկու օրերի արարողություններին, որպես Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, հրավիրված էր մասնակցելու Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Սրբազան Հայրը, պատարագի ավարտին տեղի ունեցած ընդունելությանը ղպտի առաջնորդին փոխանցեց Գարեգին Բ Վեհափառի ողջույնի խոսքը։ Ապա տեղեկացրեց իր նախագահած՝ Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների եպիսկոպոսաց խորհուրդի աշխատանքների, ձեռք բերված արդյունքների և մոտակա ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում Թավադրոս Բ Պատրիարքը ջերմությամբ հիշեց Հայաստան կատարած իր այցը՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։
Հատկանշական է, որ 50 տարի վաղեմության պատմական հանդիպումը նշանավորեց Արևելյան Ուղղափառ և մյուս Եկեղեցիների միջև Քաղկեդոնի ժողովին (451 թ.) սկսած աստվածաբանական վեճի ավարտը։ 1973 թվականի մայիսի 10-ին ստորագրվեց հիշարժան ընդհանուր քրիստոսաբանական հռչակագիրը, որն այնուհետև օրինակ ծառայեց նմանատիպ համաձայնագրերի Արևելյան այլ Եկեղեցիների հետ (այդ թվում Հայ Առաքելական)։
Այդ հանդիպումը հանգեցրեց Կաթոլիկ Եկեղեցու և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու միջև համատեղ միջազգային հանձնաժողովի ստեղծմանը, որն իր հերթին ճանապարհ հարթեց Կաթոլիկ եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական բեղմնավոր երկխոսության ստեղծմանը։