ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակը

Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովի Վավելի Մայր Տաճարում տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ Կրակովի միտրոպոլիտ Մարեկ արքեպիսկոպոս Յեդրաշևսկու, Լեհաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ` Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից:

Արարողությանը ներկա էին Լեհաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Անջեյ Վաշկոն, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Ներքին գործերի և վարչակազմի նախարարության վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկին և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գերաշնորհ Խաժակ արք. Պարսամյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես ասաց. «Լեհաստանում հայերի ներկայությունը գրեթե 800 տարվա երկար պատմություն ունի։ Նրանք ողջունվեցին լեհ ժողովրդի կողմից և ինտեգրվեցին հասարակությանը՝ նպաստելով Լեհաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին։ Մենք աղոթում ենք այսօր, որ ինչպես նախկինում, նրանք պահպանեն իրենց ինքնությունը՝ միանալով լեհական հասարակությանը, միաժամանակ նպաստելով այս պատմական, բայց նաև ժամանակակից եվրոպական երկրի սոցիալական և տնտեսական կյանքին: Այս արարողության ընթացքում մենք աղոթում ենք Լեհաստանի և Հայաստանի համար, ինչպես նաեւ համայն աշխարհի խաղաղության համար: Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը լինի բոլորիս հետ և թող Նա ոգեշնչի և առաջնորդի աշխարհի ղեկավարներին՝ խաղաղություն բերելու ազգերի և ժողովուրդների միջև»:

Կրակովի միտրոպոլիտ Մարեկ արքեպիսկոպոս Յեդրաշևսկին իր խոսքում մասնավորապես նշեց. «Կազիմիր Մեծի իշխանության ժամանակ, վերջինս հանդիպել է հայերին ու նրանց եկեղեցուն։ Կազիմիր Մեծը ողջունել է նրանց և հնարավորություն տվել զարգացնելու իրենց ինքնությունը՝ տալով տարբեր արտոնություններ և ճանաչելով հայ եկեղեցու առանձնահատկությունը։ Ժամանակի ընթացքում հայկական համայնքները կարողանում էին ազատորեն զարգանալ, ունենալ իրենց սեփական ինքնակառավարումը և կառավարվում էին սովորութային իրավունքով։ Հայերը ներկա էին Լեհաստանի բազմաթիվ քաղաքներում, որոնք աչքի էին ընկնում արևելյան լեզուների իմացությամբ։ Նրանց շնորհիվ լեհերն իրենց այլ կերպ հասկացան և ներկայացան այլ ազգերի, իսկ շատ արևելյան տարրեր արմատավորվեցին լեհական մշակույթում։ Լեհական մշակույթի բացառիկ դեմքեր հանդիսացող հայերից են՝ Զամոշցի Սիմեոնին, Ստեփանոս Ռոզկային, եղբայրներ Յոզեֆ Բարթլոմիեյին և Շիմոն Զիմորովիչին, և այլք»:

Գերաշնորհ Մարկոս եպս. Հովհաննիսյանը ներկաներին ողջունեց հետեւյալ խոսքերով. «Մեկն է աղոթքի լեզուն, քանի որ Աստված լսում է մեզ ինչպես գրաբարով, լեհերենով, լատիներենով, այնպես էլ մնացած բոլոր լեզուներով: Աստվածային սիրո նույն ակունքից բխող արժեքներով են կերտված մեր՝ հայ և լեհ քրիստոնյա ժողովուրդներիս մշակույթները, որոնք որքան էլ տարբեր լինեն, այնուամենայնիվ, հասկանալի ու հարազատ են միմյանց։ Փառք եմ բարձրացնում առ Աստված, որ հնարավություն է ընձեռում քրիստոնեական մեր եկեղեցիների էկումենիկ համագործակցությունը զորացնելու, ինչպես նաև խաղաղության եւ համերաշխության ոգին քարոզելու ամբողջ աշխարհում»:

Արարողությունից հետո Լեհաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Ա. Վաշկոն նախագահ. Դուդայի անունից, ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և ՀՀ պատվավոր հյուպատոս Հ. Բոյաջյանը ծաղկեպսակներ են տեղադրել Կազիմիր Մեծ թագավորի շիրիմին։