2022 թվականի հուլիս 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող, քաղաք էր այցելել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այցի նպատակը Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին:
Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տեր Շնորհք աբղ. Սարգսյանի հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման, կիրակնօրյա դպրոցի բացման և ընդհանրապես համայնքային կյանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր:
Ժողովից հետո Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և ընթերակայությամբ հայրապետական պատվիրակի փոխանորդի կատարվեց եկեղեցու «Դռնբացեքի» արարողություն և Սրբապատկերի օծման կարգ:
Արարողության ավարտին Սրբազան Հայրը խոսքն ուղղելով բոլոր ներկաներին նշեց, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար:
Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահաղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը, որն ի դեպ առաջին հայկական եկեղեցին է ողջ Իսպանիայի տարածքում:
Հավարտ եկեղեցական արարողությունների, եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, ուր հնչեցին Կոմիտասի Պատարագից հատվածներ և այլ կոմիտասյան ազգային երգեր: