ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Երկխոսության և Խաղաղության համար աղոթքի հավաք

Հոկտեմբերի 23-ից 25-ը, Հռոմում անցկացվեց համաշխարհային կրոնների միջև երկխոսության և խաղաղության համար աղոթքի հանդիպում, որը 1986 թվականից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանավորության ներքո գործող Սանտ Էգիդիո (Sant’Egidio) համայնքը։

Այս տարվա եռօրյա միջազգային հավաքը, որ համախմբել է կրոնի, քաղաքականության և մշակույթի ներկայացուցիչներ շուրջ 50 երկրներից, ինչպես նաև հազարավոր մարդիկ, հեռավար մասնակցելու համար, անցավ «Խաղաղության ճիչ․ Կրոնները և մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։

Բացման արարողությունը տեղի ունեցավ կիրակի օրը երեկոյան,  Հռոմի La Nuvola կոնգրես կենտրոնում՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Իր ոգեշունչ ելույթում Ֆրանսիայի նախագահը երկու անգամ  հորդոր ուղղեց, թե Ուկրաինայում պատերազմը չպետք է մոռացության մատնի Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները։

Հաջորդ օրը մեկնարկեցին համաժողովի աշխատանքները տարբեր, առանձին ֆորումների ձևաչափով։

Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ներկայացնում էր Հայ Առաքելական Եկեղեցին այս կարևոր միջազգային հավաքին։ Սրբազան Հայրը ներկա եղավ բացման արարողությանը ապա իր մասնակցությունը բերեց «Միասնական Զատիկ. Այլևս ոչ թե երազանք, այլ աշխարհը միավորելու անհրաժեշտություն» խորագրով ֆորումի աշխատանքներին։

Իր ելույթում նա նշեց, որ համաճարակի պատճառով ցնցված աշխարհը, վերջին լուրջ քաղաքական հակամարտությունների պատճառով այսօր կանգնած է նոր գլոբալ սպառնալիքի առջև, որին դիմակայելու համար պահանջվում է բոլորիս միասնությունը։

Ապա Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց եկումենիկ շարժմանը՝ ի դեմս 1948 թ․ հիմնադրված Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի, ընդգծելով նրա դերը՝ պատմությամբ, աշխարհագրությամբ, աստվածաբանությամբ և մշակույթով իրարից տարբեր Եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի, բաց «openness policy»  քաղակականության և մերձեցման միջավայրի մթնոլորտի ձևավորման համար։

Խոսելով արդի ժամանակաշրջանի եկումենիկ շարժման նվաճումների մասին, նա կարևորեց Վատիկանի Բ․ Ժողովի (1963-1965 թ․թ․) «թարմացման» ոգին։ Ժողովին ընդունվեցին շուրջ 16 կարևոր որոշումներ, որոնք ոչ միայն մեկնակետ ծառայեցին զգալի վերափոխումների՝ վարդապետության, ծեսի, աստվածաբանության ոլորտում, ինչպես նաև Եկեղեցու և ոչ քրիստոնյաների առերեսման  և առավել կրոնական ազատության ապահովման համար, այլ նաև նոր զարգացում և որակ հաղորդեցին հետագա միջ-եկեղեցական հարաբերություններին։

Անդրադառնալով բուն ֆորումի թեմային, նա ընդգծեց, որ Քրիստոսի Հարությունը մեր քրիստոնյաներիս հավատքի հիմնաքարն է, և այն նույն օրը միասին տոնելը բացառիկ քայլ կլինի՝ Հարուցյալ Տիրոջ ներկայության մեջ մեր միասնությունն իրագործելու համար: Նա համառոտ ակնարկ կատարեց Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների կողմից, 90-ակաների վերջից մինչ օրս նախաձեռնած քայլերին՝ Քրիստոսի Հարության տոնի ընդհանուր օր սահմանելու համար։

Իր ելույթի ավարտին Սրբազան Հայրը կարծիք հայտնեց, որ 2025 թվականին Նիկիայի Տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնախմբությունը լավագույն առիթ կհանդիսանա, որ բոլոր Քրիստոնյա Եկեղեցիները համաձայնության գան Քրիստոսի Հարության տոնը նույն օրը նշել:

Եռօրյա նախաձեռնությունը ավարտվեց հոկտեմբերի 25-ի հետմիջօրեին Կոլիզեյում, խաղաղության համար աղոթքի արարողությամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և համաշխարհային կրոնների ներկայացուցիչների ներկայությամբ։