ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը Վատիկանում

Հոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի առաջին նիստը, որը ավարտվելու է հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդ նիստը տեղի է ունենալու 2024 թվականին:

Այս տարի առաջին անգամ վեհաժողովին մասնակցում են ոչ միայն եպիսկոպոսներ, այլ նաև աշխարհիկ մարդիկ՝ տղամարդիկ և կանայք: Այս վեհաժողովի երեք առաջնահերթ թեմաներն են՝ «Հաղորդություն, Մասնակցություն և Առաքելություն»:

Եպիսկոպոսների սինոդին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մասնակցում է Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հոկտեմբերի 15-ին Վատիկանի Ս. Պետրոս հրապարակում «Հրեշտակ Տեառն» աղոթքի ավարտին Ֆրանցիսկոս Պապը հայտնել է իր մտահոգությունը Արցախի մասին. «Ես դեռ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի պատճառով: Բացի տեղահանված բնակչության վիճակից, որը լուրջ է, ես ցանկանում եմ հատուկ կոչ ուղղել՝ ի նպաստ տարածաշրջանի վանքերի և աղոթատեղիների պաշտպանությանը: Հուսով եմ, որ բոլոր բնակիչները՝ իշխանություններից սկսած, դրանք կհարգեն և կպաշտպանեն, որպես մշակույթի և տեղական մշակույթի մի մաս՝ հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, ինչը հնարավոր է դարձնում տարբերությունների մեջ միասին ապրելը»:

Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի մասնակիցները նամակ են ուղղել քրիստոնյա աշխարհին շնորհակալություն հայտնելով նման փորձառության համար և մանրամասներ ներկայացրել վերջին շաբաթների աշխատանքներից. «Իր խորաթափանցության մեջ առաջադիմելու համար Եկեղեցին պետք է լսի բոլորին անխտիր՝ սկսած ամենաաղքատներից: Սա նշանակում է, որ պետք է լսել այն մարդկանց ովքեր հասարակության մեջ զրկված են խոսելու իրավունքից կամ ովքեր իրենց մեկուսացված են զգում նույնիսկ Եկեղեցու կողմից»: