Հունվարի 23-ի առավոտյան Վատիկանի մամլո գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր ժողովի նախօրեին կայանալիք՝ Միջեկեղեցական աղոթքի հսկումը և «Together․ Աստուծո ժողովրդի հավաք» խորագրով նախաձեռնությունը։
Մամլո ասուլիսին ելույթով հանդես եկան Լյուքսեմբուրգի Արքեպիսկոպոս, Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր ժողովի գլխավոր զեկուցող, Կարդինալ Ժան-Կլոդ Հոլերիշը, «Թեզեի» քրիստոնեական վանական համայնքի մեծավոր, վանական Ալոիսը, Սուրբ Աթոռում Քանթերպուրի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ, Արքեպիսկոպոս Իեն Էռնեստը, Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը և Եվրոպայի Եկեղեցիների կոնֆերանսի ու Ֆրանսիայի Բողոքականների ֆեդերացիայի նախագահ, պաստոր Քրիստիան Կրիգերը։
Իր խոսքում Սրբազան Հայրը ողջունեց, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի առաջնորդությամբ և օրհնությամբ մեկնարկած Սինոդի գործընթացի Էկումենիկ ոգին, որը համախմբել է Արևելքից և Արևմուտքից այլ քրիստոնեական ավանդույթների ներկայացուցիչներին։
«Մասնակցելիս Կաթոլիկ Եկեղեցու կողմից կազմակերպված նախապատրաստական տարբեր խորհրդակցությունների ես առիթ ունեցա անձամբ ընկալել այս սինոդի բացության, անկեղծության և խոնարհության ոգին, որն իրականում Վատիկանի Բ Եկեղեցական ժողովի եկեղեցաբանական հեռատեսության շարունակությունն է։ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը, որն այս տեսիլքի աղբյուրն է, իր խոնարհության ոգով օրինակ է ծառայում բոլորին, ոգեշնչելով և քաջալերելով համատեղ հասնել միասնությանը», – եզրափակեց Սրբազան Հայրը։
Մամլո ասուլիսին ներկա գտնվեցին նաև Վատիկանի տարբեր բաժինների, Հռոմի թեմի և քրիստոնեական Եկեղեցիների ու համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Միջեկեղեցական աղոթքի հսկումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Ֆրանցիսկոս Պապի նախագահությամբ՝ Տեզեի համայնքի միջեկեղեցական նախաձեռնության շրջանակում, համագործակցությամբ Հռոմի թեմի, Սինոդի գլխավոր քարտուղարության, Քրիստոնյաների միասնության խթանման բաժնի, Աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով բաժնի, ինչպես նաև բազմաթիվ այլ քրիստոնեական Եկեղեցիների, եկեղեցական ու էկումենիկ կազմակերպությունների: Այն կրելու է երիտասարդական հավաքի բնույթ, քանի որ ներգրավված կլինեն ամբողջ աշխարհից ժամանած 18-ից 35 տարեկան տարբեր քրիստոնյա եկեղեցիների և դավանանքների երիտասարդ հոգևորականներ և հավատացյալներ։ Մինչդեռ Եպիսկոպոսաց սինոդը կանցկացվի երկու փուլով․ առաջինը՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ից 29-ը, երկրորդը՝ 2024 թվականի հոկտեմբերին։
Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի ելույթին կարող եք հետևել տեսանյութի 27-րդ րոպեից 🎥