ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Գերշ. Տ. Խաժակ Ս. Արք. Պարսամյանը ընդունվեց Կարդինալ Պիետրո Պարոլինի կողմից

Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը մարտի 10-ին ընդունվեց Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի կողմից։ Վատիկանի Առաքելական պալատում գտնվող պետական քարտուղարի պաշտոնական գրասենյակում տեղի ունեցած զրույցը անցավ հոգևոր եղբայրներին հարիր ջերմ մթնոլորտում։

Սրբազան Հայրը կարդինալ Պիետրո Պարոլինին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական սրտագին ողջույնները։ Նույն ջերմությամբ փոխադարձելով՝ պետքարտուղարը տեղեկություններ քաղեց հետպատերազմական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ Նորին սրբազնությունը և կարդինալը համակարծիք եղան, որ նման պարագաներում անխուսափելիորեն ծագած մարդասիրական խնդիրների լուծումը՝ պատերազմի հետևանքների հաղթահարման անհրաժեշտ նախապայմանն է։ Շոշափվեցին հայ ռազմագերիների, պատանդների և այլ գերեվարված անձերի անհապաղ հայրենադարձման խնդիրները:

 

Կարդինալը կիսվեց հարցի վերաբերյալ իր մոտեցումներով։ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հետամուտ է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության, սրբավայրերի և հուշարձանների պահպանման հարցին։ Այս առումով նա կարևորեց եկեղեցիների, միջեկեղեցական կառույցների, միջկրոնական կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը։ Զրուցակիցները համամիտ եղան, որ դա ապագա ցանկալի համակեցության ապահովման անհրաժեշտ նախապայմանն է։

Զրույցի ընթացքում Գերշ․ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը և կարդինալ Պիետրո Պարոլինն անդրադարձան Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու մշտական ներկայացուցչության և Սուրբ Աթոռի զանազան հաստատությունների միջև ծավալած համագործակցությանը, որի հիման վրա վերջին շրջանում արդեն դրական առաջխաղացումներ են նկատվում։ Նորին սրբազնությունը բացատրեց, որ իր գրասենյակը անմիջական կապի մեջ է Քրիստոնյաների միասնության խթսնման քահանայապետական խորհուրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի, ինչպես նաև Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Կաթոլիկ Եկեղեցու երկխոսության ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի կողից գլխավորած գրասենյակների հետ։ Նա նշեց, որ այդ երկու կարդինալների հետ առկա է սկզբունքային փոխըմբռնում՝ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Այդ հիման վրա գրասենյակների կողմից ծավալված աշխատանքը հող կնախապատրաստի  հետզհետե շոշափելի արդյունքներ արձանագրելու համար։

Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պարոլինը ողջունեց այս բոլոր զարգացումներն ու մաղթեց, որ համագործակցությունն աստիճանաբար խորանա՝ նպաստելով երկու քույր եկեղեցիների վաղեմի եղբայրության ամրապնդման և համաքրիստոնեական զորակցության խրախուսման։

Զրույցի ժամանակ մասնավոր անդրադարձ կատարվեց անցյալ ամիս Հռոմի Սրբազան Քահանայապետի տնօրինությամբ և Վատիկանի համապատասխան մարմինների որոշումով՝ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Լատինական Եկեղեցու ծիսական տոնացույցի մեջ ընդգրկումը։ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը մեծապես կարևորեց ս․թ․ Վատիկանում Ս. Գրիգոր Նարեկացու առաջին հիշատակության փաստը՝ նրա արձանի շուրջ կազմակերպված միջեկեղեցական հանդիսավոր ու պատմական արարողությունով և Սբ․ Պետրոսի տաճարում մատուցված Սբ. Պատարագով հանդերձ։ Նորին սրբազնությունը նշեց, որ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը մտադրություն ունի ապագայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեջ ևս նման հիշատակության սկիզբը դնելու։ Կարդինալ Պիետրո Պարոլինը մեծապես կարևորեց Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի պանծացումը՝ ընդգծելով հայ սուրբի թողած հոգևոր-մշակութային ավանդի համաքրիստոնեական և համամարդկային նշանակությունը։

Հանդիպման ավարտին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարը պատրաստակամություն հայտնեցին նմանատիպ հանդիպումները պարբերաբար դարձնելու համար։