Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը տեղի ունեցան 2022 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող մի շարք միջոցառումները։ Այստեղ էին հավաքվել մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու ժամանակակից հերոսներին և քաջալերելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերունդը:
Միջոցառման շրջանակում, հոկտեմբերի 15֊ի երեկոյան ժամը 19֊ին Ս․ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում տեղի ունեցավ Աղոթքի արարողություն, որի ընթացքում իր խոսքով դիմեց ներկաներին նաև Տ․ Խաժակ Արք Պարսամյանը։
Անդրադառնալով Մատթեոսի ավետարանից Մեր Տեր Հիսուսի հետևյալ խոսքերին․”Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք”(Մտ 25։40), Սրբազան Հայրը նշեց որ իր պատգամում Քրիստոս մեզ բացահայտում է, որ Նա ներկա է տառապող մարդկանցից յուրաքանչյուրի մեջ, և ամեն անգամ, օգնելով նրանց, մենք, փաստորեն, կարեկցում ենք մեր Տիրոջը:
Այդ առիթով Սրբազան Հայրը ցանկացավ հիշել հայազգի այն արժանի զավակներին՝ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին և երջանկահիշատակ Վարդան Գրիգորյանին, որոնք կյանքի կոչեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գաղափարը։ Այն է, արդյունավետ կերպով արձագանքել Հայոց ցեղասպանության ցավալի հիշատակին՝ այն վերափոխելով կարեկցանքի և օգնության շարժման դեպի ամենակարիքավորները ՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա»-ի հիմնական սկզբունքները՝ երախտագիտությունն՝ ի գործ» և «աջակցության շղթան», իսկապես արձագանքում են Հիսուսի հզոր պատգամին։ Նախաձեռնությունը օգնության ձեռք է մեկնում առավել խոցելիների անձանց՝ երեխաներին, կանանց, փախստականներին, և դրանով վերահաստատում է այն գաղափարը, որ երախտագիտությունը ստիպում է մեզ ավելին անել մեր եղբայրների և քույրերի համար ամենուրեք: Որովհետև մենք միևնույն մարդկային ընտանիքի անդամներ ենք:
Սրբազան Հայրը վերհիշեց հայ ազգի պատմության ամենամութ ժամանակաշրջանը, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ միլիոնավոր հայեր հալածվեցին, նահատակվեցին և ստիպված լքեցին իրենց հայրենիքը: Բայց միևնույն ժամանակ բարեսիրտ անծանոթների բազմությունը, մարդասիրական ոգով ուղղորդած, օգնության ձեռք մեկնեց մեր նախնիներին՝ դարմանելով նրանց ցավը և փրկելով նրանց կյանքը։ «Դա Աստծո կամքն էր», ասաց նա։ «Եվ Նրա շնորհիվ մենք այսօր այստեղ ենք: Ինչպես Իր Միածին Որդին ցույց տվեց մեզ, Աստված ցանկանում է, որ մեր կյանքը լցվի ողորմությամբ, սիրով և կարեկցանքով։
Սրբազան Հայրը համոզմունք հայտնեց, որ բարությամբ և կարեկցանքով առաջնորդվելով մենք կարող ենք քայլել այն ճանապարհով, որ տանում է դեպի լավ ապագա՝ վերականգնված հույսի և նոր տեսլականի ապագա: Դա այն տեսլականն է, որը «Ավրորա» մրցանակի ստեղծողները ներկայացրել են ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ գործողություններ ձեռնարկել արմատախիլ անելու վայրագությունները և մարդկային տառապանքները:
Իր ելույթի ավարտին նա երախտագիտություն հայտնեց այս կարևոր և աստվածահաճո ձեռնարկի հիմնադիրներին և աջակիցներին, մաղթելով, որ նրանք շարունակական հաջողություն ունենան և Հիսուս Քրիստոսի շնորհը լինի նրանց բոլորի հետ։
Եռօրյա միջոցառումների եզրափակիչ արարողությանը, որը տեղի ունեցավ ավելի ուշ՝ ժամը 20֊ին ևս Ս․Ղազար կղզում, 2022 թ. «Ավրորա» մրցանակի դաբնեկիր ճանաչվեց Ջամիլա Աֆղանին՝ Աֆղանստանի կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության գործում ունեցած իր բացառիկ նվաճումների համար։ Որպես NECDO՝ կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր՝ 25 տարի նա պայքարում է Աֆղանստանի կանանց կրթություն ստանալու հնարավորության և իրենց իրավունքների հստակ գիտակցման համար։
Հիշեցնենք, որ ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 մլն ԱՄՆ դոլար պարգև՝ նրան ընձեռելով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են այլոց: 2016 թվականի մեկնարկից ի վեր, մարդասիրական նախաձեռնությունն օգնել է ավելի քան 2,6 միլիոն մարդու ամբողջ աշխարհում: