ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Եկեղեցու խորհուրդները այն սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում որոշակի արտաքին նշանի, գործողության և բանաձևի միջոցով անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ:

Ավանդաբար այդ խորհուրդները թվով 7-ն են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ, ձեռնադրություն և կարգ հիվանդաց, որոնք ընդգրկում են քրիստոնեական կյանքի առանցքային կողմերը:

Այսպես՝ մկրտությունը տալիս է հոգեւոր ծնունդ և մասնակցություն Քրիստոսի մահվան ու հարությանը: Դրոշմը մեզ փոխանցում է Սուրբ Հոգու շնորհները և զորացնում մեզ քրիստոնեական մեր կոչման մեջ: Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո: Սուրբ հաղորդությունը խորհրդական ընթրիք է, որ հաղորդակից է դարձնում մեզ Քրիստոսի  մարմնին և արյանը:

Սուրբ պսակի խորհուրդը այր ու կնոջը դարձնում է մեկ մարմին: Ձեռնադրությամբ մարդիկ կոչվում են հոգևոր ծառայության, ի նպաստ եկեղեցու հոգևոր և վարչական կազմակերպման: Հիվանդների կարգը հոգու և մարմնի բժշկության առաջնորդում:

Եկեղեցու խորհուրդներն իրականացվում են ձեռնադրյալ հոգևորականների կողմից՝ այն ծիսակարգով, որը զետեղված է Մաշտոցներում՝ Հայոց Եկեղեցու ծիսարաններում: Եկեղեցին հավատում է, որ այս խորհուրդների միջոցով Քրիստոս խորհրդավոր կերպով ներկա է եւ գործում է հանձին քահանայի:

Սկզբնաղբյուր․ www.sacredtradition.am