ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայերն Իտալիայում

Հայերն Իտալիայում հաստատվել են հին հռոմեական պետության դարաշրջանից: Հուստինիանոսի հայազգի զորավար Ներսեսը հաջողությամբ Իտալիայի մեծագույն մասը ենթարկելով Բյուզանդական կայսրությանը՝ 555 թ․ նշանակվել է Իտալիայի կառավարիչ: Ավելի ուշ, 9-10-րդ դարերում, մի շարք հայեր Թրակիայից և Մակեդոնիայից տեղափոխվել են Իտալիա: Նրանք Պավլիկյանների հետնորդներն էին, որոնք Հայաստանում հետապնդվում էին Կոստանդին կայսրի կողմից:

Հայկական համայնքները ստեղծվել են Իտալիայում 12-13-րդ դարերում, երբ Կիլիկյան Հայաստանի և Իտալիայի մեծ քաղաք-հանրապետությունների՝ Ջենովայի, Վենետիկի և Պիզայի միջև ակտիվ առևտուր էր ընթանում: Կիլիկյան հայոց արքա Լևոն Բ․ (1187-1219) պայմանագրեր էր կնքել, որոնց համաձայն իտալացի վաճառականները կարող էին արհեստանոցներ և առևտրատներ հիմնել հայոց թագավորությունում, ինչպես որ Կիլիկիայի հայ վաճառականները՝ Իտալիայի քաղաքներում:

13-րդ դարում Իտալիայում հայերի թիվն ավելացավ թաթար-մոնգոլական արշավանքներին հաջորդած արտագաղթի նոր ալիքի պատճառով: Հայկական եկեղեցիներն Իտալիայում կառուցվել են դեռևս 12-րդ դարից: 13-14-րդ դարերում Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող ավելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում, Բարիում և այլ քաղաքներում:

10-րդ դարից  ի վեր Նեապոլ  քաղաքում  գործում էր Սբ․ Գրիգոր Լուսավորիչ  հայ եկեղեցին:   Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համարվում  է  Նեապոլի պահապան սուրբը, և ի պատիվ նրա, առ այսօր, տոնակատարություններ են կազմակերպվում:  Նրա  մասունքները պահվում են ներկայիս կաթոլիկ San Gregorio Armeno եկեղեցում։  Ամենայն Հայոց  Կաթողիկոս  Գարեգին Բ․-ի Վատիկան  կատարած այցի ժամանակ  (11/11/2000), նրանց մի մասը տեղափոխվեց Մայր Աթոռ  և այժմ պահվում է Երևանի  Սբ․  Գրիգոր  Լուսավորիչ  Մայր եկեղեցու  գավիթում: Հիշատակվում է նաև Նեապոլի Սուրբ Հոգի եկեղեցու մասին՝ կառուցված 1328 թվականին:

11-րդ դարում հիշատակվում է Միլանի Սուրբ Բարսեղ եկեղեցու կառուցման մասին: Մինչդեռ 1342-1650թթ․ գործում էր Բարսեղյան միաբանությունը: Մ-ի Ամբրոսյան գրադարանին կից հիմնվել է հայկական տպարան, որի առաջին գիրքն է եղել 1621-ին տպագրված հայերեն–լատիներեն բառարանը։ 1925-32-ին Մ–ում է գործել Մխիթարյանների հովանավորած որբանոց–վարժարանը, ուր հավաքված էին Մեծ եղեռնից փրկված հայ որբերը։ 1968–ին Մ-ի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնվել է Հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն։

Սբ. Գրիգոր Լուսավորիչի մասունքները Նեապոլի San Gregorio Armeno կաթոլիկ եկեղեցում

Պիզա քաղաքում հիմնադրվել է վանական համալիր (1320 թ.), որն ըստ արձանագրության պատկանել է հայերին՝ հարյուրամյակներ շարունակ: Այս վանքում ընդօրինակվել են հազվագյուտ ձեռագրեր, որոնք առ այսօր պահպանվում են Վիեննայի Ազգային և Միլանի Ամբրոսյան գրադարաններում:

Ջենովա քաղաքում 1307թ․-ին հայերի կողմից կառուցված Սուրբ  Բարդուղիմեոսի կուսանոցը և եկեղեցին՝ գոյատևած մինչև 1650 թ. հայտնի է «Ջենովայի Սուրբ Պատկերով» (Փրկիչի ոչ ձեռակերտ պատկերը):

15-16 դդ. Վենետիկի հայ գաղթօջախը կազմակերպված կենտրոն էր։ Հայերը Վ․ էին ներմուծում բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Զգալի թիվ էին կազմում նաև արհեստավորները, որոնք աշխատում էին նավաշինական արհեստանոցներում։ Հակոբ Մեղապարտի կողմից  1512 թ. Վ․-ում տպագրվել է հայերեն առաջին գիրքը: Այստեղ գործել են  Սբ․ Հովհաննես  Մկրտիչ  եկեղեցին  և  վանքը, ինչպես  նաև Սբ․ Խաչ եկեղեցին՝  կառուցված 1434 թ․, որը սկսած 1717թ․ պատկանում է Վ․-ի Սբ․ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությանը: Վերջինս այսօր էլ հանդիսանում է հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկը՝ իր վանքով, գրադարանով, ձեռագրերի պահոցով և հրատարակչությամբ: Վ․-ի երկու փողոցներ կրում են հայկական անուններ ՝ Ruga Giuffa (Ձուղայի փողոց) և  Sotoportego dei Armeni (Հայերի անցուղի): Հայկական անուններով փողոցներ կան նաև Լիվոռնո քաղաքում:

14-րդ դարի վերջերին Իտալիայում  տեղի ունեցած  կրոնական հետապնդումների պատճառով բոլոր հայկական եկեղեցիները անցնում են տեղական կաթոլիկ հաստատությունների  տիրապետության տակ:

Իտալիայի ներկայիս Հայ Առաքելական Եկեղեցու հովանու տակ գտնվող հայ  համայնքը ձևավորվել է դեռևս 1900-ական թվականներից՝ Թուրքայից և Մերձավոր Արևելքից  եկած հայ  գաղթականների կողմից, ովքեր բնակություն են հաստատել Հյուսիսային Իտալիայում։

1950-ականների սկզբին կրոնական ծիսակատարությունները կազմակերպվում էր Միլանի բոլոր սրբերի Անգլիկան եկեղեցում:  1955 թվականին Հռոմի իշխանությունը երկրի նախագահի հրամանով ընդունեց հայ հավատացյալ համայնքի  գործունեությունը  և  պաշտոնապես  թույլատրեց hայ եկեղեցու կառուցումը: 1957թ․ Միլանում կառուցվում է ներկայիս գործող Ս․ Քառասուն Մանկունք հայ առաքելական եկեղեցին, որն օծվում է 1958 թվականին։