Բելգիայում հայերի ներկայության մասին վկայություններ գոյություն ունեն տակավին Քրիստոնեության վաղ ժամանակաշրջանից։ Արդեն 4-րդ դարից այնտեղ մուտք են գործել բազմաթիվ հոգևորականներ, մտավորականներ և առևտրականներ։
Դրանցից մեկն էր հայազուն հոգևորական Սբ․ Սերվատիոսը (Սրբատիոս-Սերովբեն): Երուսաղեմից հասնելով Տոնխերեն (քաղաք ներկայիս Բելգիայում), նա ձեռնադրվել է եպիսկոպոս (381-382 թթ.) և քրիստոնեություն քարոզել: Հոների հարձակումներից խուսափելով` Սբ․ Սերվատիոսը եպիսկոպոսական աթոռը Տոնխերենից տեղափոխել է Մաստրիխտ, որտեղ և մահացել է 384 թ․։ Նրա մասունքները զետեղված են իր անունը կրող Մաստրիխտի գլխավոր կաթոլիկ եկեղեցում։
1011 թ․ հայորդի Անտիոքի հրաշագործ Մակար եպիսկոպոսը՝ շրջելով Եվրոպայով իբրև քարոզիչ, հասել է Բելգիայի Գենտ քաղաք։ Մեկ տարի մնացել է տեղի Սբ․ Բավոն աբբայությունում՝ խնամելով ժանտախտով հիվանդներին, ապա ինքն էլ վարակվելով, մահացել է 1012 թ.: Մահվանից հետո այնքան շատ հրաշքներ են կատարվել նրա գերեզմանի վրա, որ աճյունը 1067 թ. փոխադրվել է առանձին մատուռ, իսկ ինքը դասվել է կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը։
Առաջին հայ առևտրականները Բելգիա են մուտք գործում 1340 թ․, իսկ 1345-ից նրանք իրավունք են ստանում գորգավաճառությամբ զբաղվելու Բրյուժ քաղաքի Մայր Տաճարի մոտակայքում։ Ավելի ուշ նրանք ընձեռում են հազվագյուտ ապրանքների՝ բամբակի, զանազան համեմունքների, արևելյան օծանելիքների ներմուծում, ինչը շարունակվում է մինչև 15-րդ դար։
Հետագայում հայերի Բելգիա այցելությունների մասին կան սակավ տեղեկություններ։ Հայտնի է, որ 1708 թ. վախճանվել և Անտվերպենի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում է թաղվել Վանանդեցի Թովմաս արքեպիսկոպոս Նուրիջանյանը։
1906-1909 թթ․ արևմտահայ գրող Դանիել Վարուժանը ուսանել է Գենտի Համալսարանի Փիլիսոփայության և գրականության ֆակուլտետում։
Բելգիայում հայերի ներկայության զգալի աճ է արձանագրվել 20-րդ դարի սկզբին, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայից բռնի զանգվածային արտագաղթի հետևանքով: Այնտեղ ժամանած հայերը զբաղվել են հատկապես ծխախոտի, գորգի և թանկարժեք քարերի առևտրով։ Ծխախոտի «Դավրոս», «Արաքս», «Մարուֆ» և «Էնֆին» հայկական ապրանքանիշերը գրեթե միակն էին, որ արտադրվում էին Բելգիայում:
Վերջին 40 տարիների ընթացքում Մերձավոր և Միջին Արևելքի հայաշատ երկրներում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի երկրաշարժից ու Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված ճգնաժամի պատճառով, հայերը բռնեցին գաղթի ճանապարհը, հաստատվելով նաև Բելգիայի Թագավորությունում։
Այսօր հայ համայնքներ կան զանազան քաղաքներում․ Բրյուսել, Անտվերպեն, Լիեժ, Շառլըռուա, Կորտրիկ, Գենտ, Մեխելեն, Նամյուր, Օստանդ, Գենկ և այլուր։
Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցին օծվել է 1990 թ․ մայիսի 6-ին՝ օրհնաբեր ներկայությամբ երջանկահիշատակ Տ․Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց և Տ․Տ․ Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսների ու ձեռամբ՝ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Տ․ Գյուտ Արք․ Նագգաշյանի։
Ներկայումս Բելգիայում ապրում են մոտ 30․000 հայեր։