Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ
Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ծնվել է 1951-ին Թուրքիայի Մալաթիա մարզի Արաբկիր քաղաքում: Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանքի միջնակարգ բաժինն ավարտելուց հետո՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Շնորհք Արքեպիսկոպոս Գալստյանի քաջալերությամբ մեկնել է սովորելու Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում (1967-1971 թթ.): Այն ավարտելուց հետո 1971-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ երկու տարի անց ստացել վարդապետական աստիճան։
Պաշտոնավարել է, իբրև Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի և ընծայարանի փոխտեսուչ, այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Նահանգներում և ևրոպայում։
Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Երուսաղեմում, Հայաստանում: Ուսումնասիրություններ է կատարել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկի Մխիթարյանների և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գրադարաններում։
Հովվական գործունեություն է ծավալել Իսրայելի և ԱՄՆ-ի տարբեր հայկական համայնքներում, ինչպես նաև Ստամբուլում։ Հետագայում ստանձնել է Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճարի լուսարարապետի և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուի պաշտոնները: Այնուհետև նշանակվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի փոխանորդ:
1990-ի մայիսին ընտրվել է ԱՄՆ-ի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ, այն ղեկավարելով՝ որպես երկարաժամյա առաջնորդ, մինչև մայիս 2018-թ։
Սրբազան Հոր առաջնորդության օրոք թեմի տարբեր վայրերում 9 նոր եկեղեցիներ են օծվել և տարբեր նահանգներում բազում նոր եկեղեցական համայնքներ հաստատվել։ Սրբազանի ձեռամբ 26 նոր քահանաներ են օծվել և 13 երիտասարդ քահանաներ հրավիրվել Հայաստանից՝ համայնքներում ծառայելու համար: Սրբազանը նաև ձեռնադրել է հարյուրավոր խորանի սպասավորներ (սարկավագ, կիսասարկավագ և դպիր)։
Սրբազանի առաջնային նպատակներից մեկն եղել է ամերիկահայ երիտասարդ սերնդի ներգրավումը հայ եկեղեցական և համայնքային կյանքին։ Այդ նպատակով առաջնորդարանում ստեղծվել է թեմական երիտասարդության կենտրոն, որի գործունեության շնորհիվ ընդլայնվել են ամառային ճամբարային ծրագրեր, կազմակերպվել ուխտագնացություններ դեպի Հայաստան և Երուսաղեմ, անցկացվել հոգևոր առանձնացումներ և երիտասարդության ներկայացուցիչների վորքշոպեր։ Սրբազանի նախաձեռնությամբ ձեռք բերված մեծ տարածքի վրա կառուցվել է թեմական «Արարատ» կենտրոնը, ուր ամառային ճամբարներ և հոգևոր առանձնացումներ են անցկացվում։
Սրբազանի կարևորագույն իրականացումներից մեկը դարձավ Սբ. Ներսես Աստվածաբանական ճեմարանի և ընծայարանի առաքելության հզորացումը և ընդարձակումը։ Իր ջանքերով 2016-ին տեղի ունեցավ ճեմարանի և Գարեգին Ա. Կաթողիկոսի անվան աստվածաբանական և հայագիտական կենտրոնի բացումը՝ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ։
1993-ին Նյու Յորքի Սբ. Վարդան տաճարի 25-ամյակի կապակցությամբ ամբողջությամբ նորոգվեցին թեմական կենտրոնը և տաճարը, իսկ 2009-ին օծվեցին նրա նոր բրոնզե դռները:
1990-2017 թթ. Հայ Եկեղեցու Դոտացիոն հիմնադրամի (Armenian Church Endowment Fund) դրամագլուխը 11 միլիոն դոլարից հասավ 100 միլիոն դոլարի:
Գերաշնորհ Տեր Խաժակ Սրբազանի առաջնորդած թեմը՝ ողջունելով 1988-ի Լեռնային Ղարաբաղի հայության ազգային-ազատագրական պայքարը՝ նորաստեղծ «Ղարաբաղ կոմիտե»-ի գործունեությամբ, լայնածավալ ֆինանսական և քաղաքական օժանդակություն ցուցաբերեց հայրենիքին։
Նույն թվականի աղետալի երկրաշարժից հետո, Ամերիկայի Արևելյան թեմը առաջիններից մեկն էր, որ ձեռք մեկնեց տուժված հայրենակիցներին։ Խաժակ Սրբազանի ջանքերով ստեղծված «Հայ Օգնության Ֆոնդ»-ը (FAR), ստանալով «հասարակական կազմակերպության» կարգավիճակ (NGO), նախաձեռնեց Հայաստանի բնակչությանը երկարատև և մեծածավալ մարդասիրական օգնություն։
Հայաստանի անկախության առաջին իսկ պահից, Խաժակ Սրբազանը նվիրվածությամբ կատարեց իր պարտականությունը՝ ի նպաստ Հայրենիքի բարգավաճման ու զորացման։ Առաջնորդարանի կենտրոնը դարձավ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցչի նստավայրը, իսկ հետագայում Սրբազանի միջնորդությամբ՝ ազգային մեծ բարերար տիար Գևորգ Հովնանյանը նվիրաբերեց ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության նստավայրի շենքը /Նյու Յորք/։
Սրբազան Հայրը կարևորագույն ներդրում ունեցավ Վազգեն Ա, Գարեգին Ա. և Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետների ներքո՝ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև կայուն հարաբերությունների ապահովման գործում։ Իր անմիջական միջնորդությամբ իրականացվեցին Հովհաննես Պողոս Բ. Պապի Հայաստան այցը /2001-ին/, Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված Սուրբ Պատարագը /2015-ին./ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան այցը /2016-ին/։
Խաժակ Սրբազանն իր առաջնորդության օրոք ամրապնդել է թեմական միջկրոնական և միջեկեղեցական հարաբերությունները:
Նա եղել է ԱՄՆ-ի «Եկեղեցիների Ազգային Խորհրդի» վարչության անդամ, «Խղճմտանքի Կոչ» հիմնադրամի փոխնախագահ, ակտիվ գործունեություն է ծավալել «Եկեղեցիների Միջազգային Խորհրդում», «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայում», «Կրոնն Ամերիկյան Կյանքում» և «Ամերիկյան Աստվածաշնչյան Ընկերությունում»։ 1990-ից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գերագույն Հոգևոր Խորհրդի» անդամ է:
Արժանացել է ԱՄՆ-ի «Էլիս կղզու» պատվո շքանշանի, ՀՀ Նախագահի «Հայրենիք» բարձրագույն շքանշանի, ինչպես նաև՝ «Ընդհանուր Հոգևոր ճեմարանի» /Նյու Յորք/, «Սեթոն Հոլ» համալսարանի /Նյու Ջերսի/ և Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչմանը:
2018-ի սեպտեմբերին Գերաշնորհ Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում (Վատիկանում) Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ:
Այս նոր պաշտոնում նրա գործունեությունը ուղղված է առավել ամրապնդելու երկու եկեղեցիների մերձեցման գործընթացը։
Որպես Արևմտյան Եվրոպայի Հայ Եկեղեցու հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր Խաժակ Սրբազանի առաջնորդական հովանու ներքո են գտնվում՝ Բելգիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդերլանդների և Իսպանիայի Հայ Եկեղեցու համայնքները։