ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

CCEE-ի և OCE-ի նախագահների համատեղ ժողով Հռոմում

Երեկ հունիսի 20-ին, կայացավ Կաթոլիկ Եկեղեցու Եվրոպական եպիսկոպոսական կոնֆերանսների (CCEE) և Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների (OCE) նախագահությունների համատեղ ժողովը։ Այն տեղի ունեցավ Հռոմ, CCEE-ի նոր կենտրոնական գրասենյակում, Սուրբ Գալենից (Շվեյցարիա) այն այստեղ վերջերս տեղափոխելուց հետո։

Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներիները նախագահությունը՝ գլխավորությամբ Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետական ​​պատվիրակ և Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, կազմում էին Հյուսիսային Գերմանիայում Ղպտի Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս Անբա Դամիանը, Իտալիայում Ղպտի Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս Անբա Բարնաբան,  Նիդերլանդներում Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Պոլիկարպուս Աուգին Այդինը և Զալցբուրգի համալսարանի ասորի ուղղափառ աստվածաբան, Դոկտոր Ահո Շեմունկաշոն։

CCEE-ի կողմից ներկա էին նրա նախագահ և Վիլնյուսի (Լիտվա) արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը, CCEE-ի փոխնախագահ և Բելգրադի (Սերբիա) արքեպիսկոպոս Լադիսլավ Նեմետը, գլխավոր քարտուղար Հայր Մարտին Միխալիչեկը ու գլխավոր քարտուղարի տեղակալ և խոսնակ Անտոնիո Ամմիրատրին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Եվրոպայում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Կաթոլիկ Եկեղեցու միջև երկխոսության, ինչպես նաև կրթության, քրիստոնեական դաստիարակության և հովվական առաքելության բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց համապատասխան Եկեղեցիներում արդի իրավիճակին, մասնավորապես՝ սինոդալ գործընթացին Կաթոլիկ Եկեղեցում և արտագաղթի ու ինտեգրման հարցերին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներսում։