ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Խաչքարի օրհնության և օծման կարգ Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում

Հոկտեմբերի 19-ին Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում, Սբ. Նիկողայոս եկեղեցու բակում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության և օծման կարգ։ Արարողությանը մասնակցեցին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը և Մաստրիխտի Ս․ Կարապեռ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր աստվածատուր քահանա Սարգսյանը։

Խաչքար-հուշարձանը, որի հեղինակն է խաչքարագործ և նկարիչ Արտակ Համբարձումյանը, ստեղծվել է բարերար Արմեն Ավանեսովի աջակցությամբ։ Այն նվիրված է հոլանդացի բարեկամ ժողովրդին՝ ի նշան հայ համայնքի բարեկամության և երախտագիտության։

Օրհնության արարողությանը ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Նյուվեխայնի քաղաքապետ տիկին Մարայկե վան Բեուկերինգը՝ իր խորհրդական Ջոն վան Էնգելենի ուղեկցությամբ, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվը, վարչության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները։

Նիկողայոս եկեղեցին և Նիդերլանդների հայ համայնքը երկար տարիներ պահպանում են ջերմ ու բարեկամական հարաբերություններ։ Եկեղեցում հայ համայնքի համար ամիսը մեկ անգամ անցկացվում են Սուրբ Գրքի սերտողության դասեր և հոգևոր զրույցներ, որոնք կազմակերպվում են Տեր Տարոն քահանա Թադևոսյանի կողմից։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանի ձեռամբ քսանմեկ պատանիներ և երիտասարդներ ստացան դպրության աստիճան, հինգ երիտասարդներ՝ կիսասարկավագության աստիճան, իսկ վեց երեխաներ օրհնություն ստացան խորան բարձրանալու համար։

Սրբազան Հայրը նաև օրհնեց եկեղեցու երգչախումբը համալրած երիտասարդուհիներին։ Արարողության ավարտին Սրբազան Հայրը եկեղեցու հոգևոր հովվին հանձնեց նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը, որով և կատարվեց ջրօրհնյաց արարողություն։