ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Միջեկեղեցական արարողություն Միլանում՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Միլանի Սբ․ Քառասուն Մանկունք հայ առաքելական եկեղեցում կատարվեց միջեկեղեցական արարողություն, համանախագահությամբ՝ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ու Միլանի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ Մարիո ԴԵլպինիի և մասնակցությամբ՝ Ներսես աբեղա Հարությունյանի, ինչպես նաև ավետարանական և տարբեր ուղղափառ եկեղեցիների հոգևորականների։

Արարողությանը ներկա էին Իտալիայում Հայաստանի Հանրապետության  պատվավոր հյուպատոս, պարոն Պիետրո Քուչուկյանը, եկեղեցու հոգաբարձության խորհուրդը և հայ համայնքի անդամները։

Արարողությանը քարոզեց Միլանի հոգևոր առաջնորդը։  Նա անդրադարձ կատարեց սուրբ նահատակների հիշատակին, խորհելով, թե որտեղից է  սերում բռնությանը հրահրող դաժանությունը, որը կարող է տանել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման՝ ինչպես շուրջ մեկ դար առաջ այնպես էլ մեր օրերում։ Ի՞նչն է պատճառը, որ պարկեշտ մարդիկ վերածվում են դաժան խոշտանգողների և անասելի տանջանքի ենթարկում անմեղներին: Ապա դատապարտեց մարդկային անտարբերությունը, ժխտականությունը, նախնիների կատարած հանցագործությունների մեղքը թոթափելու միտումը։

Նա համոզմունք հայտնեց, որ մարդկային հոգու խորքում բնակվող հրեշներից  ազատվելու ուղին տանում է  առ Աստված: Տիրոջ խոսքը մեզ պատգամում է հաղթել անտարբերությունը,  հաղորդում է այն ուժը, որի միջոցով հակազդել դաժանությանը, արմատախիլ անել ատելությունը: Տիրոջ խոսքը հաղթահարում է հոգու ամայությունը և վերակենդանացնում մեռածներին։

Ապա անդրադառնալով Հովհաննեսի Ավետարանից Հիսուսի խոսքերին, թե «․․․եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա», նա նշեց, որ ցորենի հատիկի օրինակով, Հիսուսի կյանքը, մահը և հարությունը վկայություն են առ այն, որ մահը անհրաժեշտ է որպեսզի կյանքը բեղմնավոր լինի։ Հիսուսի այս բացահայտումը վկայություն է Աստուծո փառքի։

Նա ավարտեց իր քարոզը մաղթելով, որ Հարություն առած խաչված Հիսուսի փառքով լուսավորված, Սուրբ հոգու շնորհներով զորացած՝ բոլոր ազգերի զավակները և արդարները կերտեն մի նոր պատմություն, որտեղ Աստուծու փրկությունը տրվում է հույսով։

Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը իր խոսքում առանձին շնորհակալություն հայտնեց Միլանի Արքեպիսկոպոսին, ապա և բոլորին՝ հայոց սուրբ նահատակների և այլ սուրբերի բարեխոսությամբ առ Աստված միասնական աղոթելու համար՝ հանուն աշխարհում խաղաղության:

Սրբազան Հայրը եզրափակեց Ֆրանկիսկոս Պապի խոսքերով, որ Սրբազան Քահանայապետը հղել էր հայ ժողովրդին՝ 2016 թվականին Հայաստան կատարած իր այցի ընթացքում Երևանում կայացած միջեկեղեցական արարողությանը․

«Ուզում եմ վերստին հաստատել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում. դրանք Քրիստոսի խորհրդական մարմնի տառապանքներն են:

Դրանք հիշելը ոչ միայն պատշաճ է, այլև պարտադիր, որպեսզի աշխարհն այլևս երբեք չընկնի նման սարսափի հորձանքի մեջ: Միաժամանակ կուզենայի հիացմունքով հիշել, թե ինչպես նույնիսկ հայոց պատմության ամենաողբերգական պահերին քրիստոնյա հավատքը հանդիսացել է այն շարժիչ ուժը, որը նշանավորել է փորձության ենթարկված ժողովրդի վերածննդի սկիզբը»։

Արարողությանը հաջորդող սիրո սեղանի շուրջը խոսք վերցրեց նաև պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, որը նախ ողջունեց ներկաներին իր և Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի կողմից։

Նա իր խոսքում  մասնավորապես շեշտեց, որ ոգեկոչելիս մեր քրիստոնյա նահատակներին, մեր տառապանքների հիշատակը դառնում է ընդհանուր հիշատակ, ինչը մեզ ուժ է հաղորդում ի ցույց դնելու թե ո՛վ ենք մենք և ի՛նչ ենք դեռ կարող տալ աշխարհին։

«Բոլորիս պատասխանատվությունն է՝ ներկայացնելու տեղի ունեցածը, աշխարհին ճանաչելի դառնալու և ժողովուրդների միջև հաշտեցման ապագայի հույսը փափագելու։ Չնայած 109 տարի առաջ տեղի ունեցածին», – ասաց վերջում պատվավոր հյուպատոսը։