ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ժողով՝ նվիրված Սբ․ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյա տարելիցի ոգեկոչմանը

Չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին, Վատիկանի Քրիստոնեական միասնության խթանման վարչությունում (DPUC) տեղի ունեցավ ժողով՝ նվիրված Սուրբ Աթոռում այս տարվա վերջում կայանալիք Սբ․ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյա տարելիցի ոգեկոչմանը։
DPUC-ի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի հրավերով հանդիպմանը ներկա էին Վատիկանի Արևելյան Եկեղեցիների վարչության նախագահ, Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիհոսի ներկայացուցիչ Գերշ․ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Թուրքիայի Կաթողիկե հայերի առաջնորդ, Գերշ․ Տ․ Լևոն Արքեպիսկոպոս Զեքյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչ, Գերշ․ Տ․ Վարդան Եպիսկոպոս Պողոսյանը։
Հանդիպմանը քննարկվեց հոբելյանի համար նախատեսված միջոցառումների նախագիծը։
Ժողովին մասնակցեցին նաև DPUC-ի պաշտոնյա Հայր Հյասինթ Դեստիվելը և Արևելյան Եկեղեցիների վարչության պաշտոնյա, Նիկոլաս վան դեր Մաելենը։