ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Աստվածաբանական երկխոսության 19-րդ ժողովը Եգիպտոսում

Արևելեան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության 19-րդ ժողովը տեղի ունեցավ հունվարի 31-ից փետրվարի 4-ը Կահիրե՝ Ղըպտի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Պիշո Վանքի “Լոկոս” կետրոնում:

Ժողովին իրենց մասնակցությունը բերեցին Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների տարբեր երկիրներից ժամանած աստվածաբաններ: Այս երկխոսության հաստատման առաջին իսկ օրից սկսած, այս գործընթացին իր շարունակական մասնակցությունը բերեց Ամենայն Հայոց Վեհափառի կողմից նշանակված անդամներից` Գերշ. Խաժակ Արք. Պարսամյանը:

Միջդավանական այս ժողովին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների կողմից մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Ղպտի, Անտիոքի Ասորի, Հնդիկ Մալաբար, ինչպես նաև Եթովպիայի և Էրիթրեայի Եկեղեցիների ներկայացուցիչներ։

Ժողովին, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների պատվիրակության մաս էին կազմում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից՝ Գերշ․ Տ․Խաժակ Արք. Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Բերիայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշքարյանը, իսկ Հայ Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչներից՝ Թրքահայոց թեմի առաջնորդ՝ Արպ. Տ․ Լևոն Արք. Զեքիյանը, Հայ Կաթոլիկ Բերիայի թեմի առաջնորդ՝ Արպ. Պետրոս Արք.  Միրիաթյանը:

Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցինների միջև երկխոսությունը խթանելու նպատակով կայացած ժողովի տարբեր նիստերի հիմնական թեման էր՝ Սուրբ Կույս Մարիամի ուսուցումը Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ավանդության մեջ: Նիստերի ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին տարբեր ուսումնասիրություններ, որոնց շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Նիստերից մեկին խոսքով հանդես եկավ նաև Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, որը ներկայացրեց «Սուրբ Կույս Մարիամը Հայ Եկեղեցու ուսմունքի և կյանքի մեջ» նյութը, պատրաստված Հոգշ. Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանի կողմից, որը հարգելի պատճառով չկարողացավ անձամբ ներկա գտնվել ժողովին։

Բոլոր նիստերն անցան աշխուժ, գործնական, հետաքրքրական և քրիստոնեական սիրո մթնոլորտում: Հանդիպումների և քննարկումների կարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ Արևելեան Ուղղափառ և Կաթոլիկ  Եկեղեցիների ավանդության և դավանանքի մեջ մեծ են սերն ու ակնածանքը, տածած  Սուրբ Կույս Մարիամի հանդեպ, շեշտելով իր կարևորագույն դերը Քրիստոսի փրկագործական առաքելության իրականացման մեջ: Երկու Եկեղեցիների ընտանիքները ընդունում են Եփեսոսի Տիեզերական ժողովի (431) դավանանքը Սուրբ Մարիամին կոչելով «Աստվածամայր»:

Ժողովականները հանգեցին այն համաձայնության, որ դարերի ընթացքում կազմավորված Աստվածամոր մասին դավանաբանական զանազան մոտեցումները՝ չնայած որդեգրած տարբեր սահմանումների՝ ըստ էության, արտահայտել են նույն Աստվածաբանության հասկացողությունը: Ներկայիս գոյություն ունեն տարբերություններ, ինչպես օրինակ՝ Կաթոլիկ Եկեղեցու կողմից ընդունված “Անարատ Հղության” վարդապետությունը՝ որոնք արդի ուսումնասիրությունների առարկա են:

Ժողովի ավարտին մասնակիցներին ընդունեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Թեոդորոս II Պատրիարքը, որն իր գնահատանքը և օրհնությունը փոխանցեց բոլորին։ Հանդիպմանը ներկա եղավ նաև Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Աշոտ Եպս.  Մնացականյանը: