Նոյեմբերի 23-ից 26-ը Հռոմի Սբ․ Թովմաս Աքուինացու անվան «Անջելիկում» քահանայապետական համալսարանում տեղի ունեցավ «Լսելով Արևելքը» խորագրով միջազգային միջեկեղեցական գիտաժողով Արևելյան Ուղղափառ եկեղեցիներում ժողովականության՝ սինոդականության վերաբերյալ:
Այն կազմակերպվել էր Պրո Օրիենտե (Pro Oriente) միջազգային եկեղեցական կազմակերպության (Վիեննա) և վերոնշյալ համալսարանի Միջեկեղեցական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից, Քրիստոնեական միասնության խթանման բաժնի և Եպիսկոպոսների Սինոդի գլխավոր քարտուղարության հովանու ներքո։
Գիտաժողովը, որին մասնակցում էին Կաթոլիկ և Ուղղափառ Արևելյան Եկեղեցիների առաջնորդներ, բարձրաստիճան հոգևորականներ և շուրջ հարյուր գիտնականներ ու Եկեղեցիների աշխարհական պատվիրակներ, նպատակ ուներ լսել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ժողովականության վերաբերյալ տարբեր պատկերացումներն ու փորձառությունները:
Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում էին՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Արմաշ Եպս․ Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգշ․ Տ․ Գարեգին Վրդ․ Համբարձումյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կենտրոնական կոմիտեի Մեծի Տանն Կաթողիկոսության ներկայացուցիչ Կարեն Սարկավագ Յոսոլխանյանը։
Չորսօրյա գիտաժողովի առանձին աշխատանքային խմբերում ներգրավված էին հայ երեք աշխարհական ՝ Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանը, աստվածաբանության դոկտոր Անի Ղազարյան-Դրիսսին, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կենտրոնական կոմիտեի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը։
Առաջին երկու օրվա աշխատանքները նվիրված էին Ժողովականությանը Ասորի Ուղղափառ Եկեղեցում։
Ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին սկսվեց գիտաժողովի երկրորդ բաժինը՝ «Ժողովականությունը ըստ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ավանդության» թեմայով։ Բացման նիստին հիմնական բանախոսությամբ հանդես եկավ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը «ժողովականության աստվածաբանությունը Արևելեան Ուղղափառ Եկեղեգիների ավանդության համաձայն» թեմայով։ Սրբազան Հայրը իր ընդարձակ ելույթում մի քանի կարևոր դիտարկումներ արեց։
Առաջինը, որ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, իրենց եկեղեցաբանական վարդապետության շնորհիվ, Եկեղեցին ընկալում են ոչ թե որպես հաստատություն, այլ ավելի ճիշտ, որպես Եկեղեցու և ժողովրդի լիովին նույնականացման արտահայտություն, ինչը վաղ եկեղեցաբանության բուն արտահայտությունն է։
Թեև որոշ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներում գործածվում են այլ բառեր, որոնք ստուգաբանորեն տարբեր իմաստներ ունեն, սակայն իր աստվածաբանական իմաստով «սինոդոս» բառը արտայայտում է Արևելյան Ուղղափառ ավանդության մեջ ժողովականության ընդհանուր ըմբռնումը:
Հոգիաբանական (pneumatological) և քրիստոսաբանական երկու հիմնական աստվածաբանական հարթությունները Արևելյան Ուղղափառ Ավանդույթյան ժողովականության ընկալման համար կարող են ընդունելի աստվածաբանական տեսակետներ հանդիսանալ: Այս հարթությունների ոգեշնչող և հաղորդութենական հատկանիշները կարևոր մոդելներ են նաև ժողովականության աստվածաբանության համար՝ Արևելյան Ուղղափառ աստվածաբանական ավանդության մեջ։