ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հանդիպում Թեզեի համայնքի վանականների հետ

Հոկտեմբերի 18-ին, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչությունում Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը հյուրընկալեց ֆրանսիայի միջազգային միջ-եկեղեցական վանական քրիստոնեական «Թեզեի համայնք»-ի երկու վանականների։
Ջերմ և ընկերական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում Հայր Մեթյուն և Հայր Լյուկը ներկայացրեցին Թեզեի համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվող Եվրոպայի երիտասարդների միջ-եկեղեցական հավաքի ծրագիրը։
«Աստծո ժողովրդի հավաք» խորագրով այս նախաձեռնությունը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի հոկտեմբերին Հռոմում կայանալիք Եպիսկոպոսների Սինոդի հետ համընթաց։
Ֆրանսյացի վանականները ակնկալեցին Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ առաջնորդների և հավատացյալների մասնակցությունը այդ նախաձեռնությանը, որը առիթ կընձեռի տարբեր Քրիստոնյա Եկեղեցիների հետևորդներին համախմբվելու և վկայելու հարություն առած Քրիստոսին իրենց պատկանելությունն ընդհանուր հավատքի։
Նրանք տեղեկացրեցին, որ երիտասարդ հոգևորականները և հավատացյալները կհյուրընկալվեն տեղի տարբեր քրիստոնյա համայնքների ընտանիքներում:
Նախաձեռնությունը կմեկնարկի միասնական հսկում-աղոթքով, որ տեղի կունենա Եպիսկոպոսների Սինոդի բացման նախօրեին, ապա կշարունակվի առանձին հանդիպումների ձևով։ Դրանց շնորհիվ մասնակիցները կբացահայտեն տարբեր քրիստոնյա Եկեղեցիների ծեսերը, ավանդությունները և իրենց հետևորդների հավատքի վկայությունը ներկա մարտահրավերների և հրամայականների պայմաններում։