ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հրաժեշտի Սուրբ Պատարագ Միլանի Սբ․ Քառասուն Մանկանց հայ եկեղեցում

Սեպտեմբերի 25-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արք. Պարսամյանը ժամանեց Միլան՝ հանդիսապետելու հոգեշնոր Տ. Տիրայր վրդ. Հակոբյանի, իբրև Իտալիո հոգևոր հովվի, հրաժեշտի պատարագը։

Վարագա Սբ. Խաչի տոնի առիթով Սրբազան Հայրը իր քարոզում ասաց. «Խաչի խորհրդի մեջ մենք տեսնում ենք զոհողությունը, հաղթանակը, հավերժությունը,— հավելելով, — Հայաստանի համար այս ծանր ժամանակաշրջանին մեկ անգամ ևս հիշենք խաչի խորհուրդը և ապավինենք խաչի զորությանը»։

Խոսելով հոգևոր ծառայության և առաքելության մասին՝ Սրբազան Հայրը ավետարանական ուղերձով հավատացյալների համար ձևակերպեց հովվի կերպարն ու անելիքը. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող վերցնի իր խաչը և հետևի ինձ։ Այսինքն՝ զոհի իր անձը՝ ուրիշներին սիրելով»։

Բարձր գնահատելով Տ. Տիրայր վրդ. Հակոբյանի ծառայությունը՝ Իտալիո հայկական համայնքում, միաժամանակ Սրբազան Հայրը ներկայացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան, նորանշանակ հոգևոր հովվին՝ Տ. Ներսես աբղ. Հարությունյանին։ Միլանի ծխական համայնքի և եկեղեցվո վարչության անունից՝ իր գնահատանքն արտահայտեց Հայր Տիրայրի գործունեությանը, ծխական խորհրդի ատենապետ պ. Սարո Խուդավերդյանը և բարի գալուստ ու բարի ծառայություն մաղթեց փոխարինող հոգևորականին։