Թուրքիա կատարած իր այցի ընթացքում, հունիսի 9-ի առավոտյան Անկարայում Սրբազան Հայրը՝ ընկերակցությամբ Ն․Ա․Ս․ Սահակ Բ Պոլսո Պատրիարքի հանդիպում է ունեցել երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու հետ։ Այցի նպատակներ՝ քննարկել մյուս տարի Ներսես Շնորհալու (1166-1173) մահվան 850-ամյակի լայնատարած ոգեկոչումը։
Տեղեկացնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայազգի սուրբին ներառել է գալիք տարի մեծարվող աշխարհի մյուս ականավոր մարդկանց շարքում ՝ հայ բարձրաստիճան հոգևորականները հույս են հայտնել, որ ի թիվս Հայաստանի և տարբեր հայասփյուռ երկրների, Թուրքիայում ևս հնարավորություն կընծայվի պատշաճ կերպով նշել նրա մահվան հոբելյանը, մասնավորապես՝ ուխտագնացություն կազմակերպել դեպի Կիլիկիայի պատմական Հռոմկլա քաղաքը (թուրքերեն՝ Rumkale) ու մերձակայքը և այնտեղ բացօթյա պատարագ մատուցել։ Հիշեցնենք, որ Հռոմկլա քաղաքը, որ մինչև 1292-ը եղել է Հայ Կաթողիկոոսության նստավայր, Սբ․ Ներսես Շնորհալու գահակալության օրոք դարձրել էր համահայկական մշակութային կենտրոն։
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանը Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը պարզաբանել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նա քայլեր է ձեռնարկում Սուրբ Ներսես Շնորհալու 850-ամյակի տոնակատարությունը կազմակերպել նաև Վատիկանում, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի աշնանը։ Այդ առիթով, Սրբազան Հայրը դիմել է, որ Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակության օր հաստատվի Հռոմեական կաթոլիկ տոնացույցի մեջ։ Նախատեսվում է նաև համերգ Սիքստինյան կապելլայում, ցուցահանդես Վատիկանի թանգարանում և երկօրյա գիտաժողով, կազմակերպված Քահանայապետական Արևելյան Ինստիտուտի կողմից: Եվս մեկ համաժողով կկայանա Հայաստանում. «Այս բոլոր միջոցառումները, հատկապես Վատիկանում հնարավորություն կտան արժևորելու և աշխարհին ներկայացնելու հայազգի սուրբի հոգևոր և մշակութային ժառանգությունը, – ասել է Սրբազան Հայրը։