ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հովվական այց Իսպանիա

Հունվարի 22-23-ը, հովվական այցով Իսպանիայում գտնվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Բարսելոնա քաղաքում Սրբազան Հայրը հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ՝ մասնակցու-թյամբ Հոգշ․ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանի։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարսելոնայի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու վերակազմակերպման հարցեր:
Նույն օրը երեկոյան Սրբազան Հայրը Տ․ Շնորհք աբղ․ Սարգսյանի ընկերակցությամբ այցելեց Մադրիդ: Հաջորդ օրը Մադրիդում Գերշ. Տ. Խաժակ Արք․ Պարսամյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին Իսպանիայում ՀՀ դեսպան` տիար Սոս Ավետիսյանն իր տիկնոջ հետ, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմը: Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր հերոս մարտիկների:

Իր այցի շրջանակներում, Սրբազան Հայրը մասնակցեց նաև միջեկեղեցական արարողության իսպանական կաթոլիկ եկեղեցում` «Քրիստոնեաների միասնության շաբաթ»-ի առիթով: Այնուհետև Սրբազան Հոր նախագահությամբ տեղի ունեցավ եկեղեցական-համայնքային ժողով, որին մասնակցում էին Իսպանիայի տարբեր վայրերից ժամանած Հայ Առաքելական Եկեղեցու համայնքների աջակից ներկայացուցիչներ:
Ժողովի ընթացքում ներկայացվեց Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի, Տ․ Շնորհք Սարգսյանի և փաստաբան Լևոն Գրիգորյանի կողմից կազմված ծրագրի նախագիծ՝ Իսպանիայի Հայաստանյայց Եկեղեցին լավագույն կերպով վերակազմավորելու և օրինական ու կանոնական դիրքերի վրա արձանագրելու համար։ Վերջնական նպատակն է ապագայում հիմնել Իսպանիայի Հայաստանյայց Եկեղեցու թեմ։ Ժողովի մասնակիցներին առիթ ընծայվեց մտքեր փոխանակել ներկայացված ծրագրի շուրջ։ Այնուհետ, շատ ջերմ մթնոլորտում զրույցը շարունակվեց հյուրասիրության ժամանակ։