Ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը՝ պարոն Էդուարդ Դալաքյանի հրավերով այցելեց իսպանական Վալենսիա ինքնավար համայնքը՝ քննարկելու նոր հայկական եկեղեցու կառուցման ծրագիրը։
Պ-ն Դալաքյանը ցանկություն է հայտնել տրամադրել իրեն պատկանող հողատարածքը՝ հայ ճարտարապետական ոճով եկեղեցի կառուցելու համար։ Տեղանքի այցելությանը ներկա էին Սրբազան Հայրը, Վալենսիա համայնքի Չիվա քաղաքի քաղաքապետ պ-ն Էմիլիո Մորալեսը, Վալենսիայի Հայկական Միության նախագահ պ-ն Արարատ Ղուկասյանը և այլ անձինք։ Միատեղ քննարկվեցին շինարարական ծրագրի հետ կապված տարբեր հարցեր։
Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց քաղաքապետին և առատասիրտ հայ բարերարին։ Նա շեշտեց որ այս Աստվածահաճո ծրագրի հաջողությունը հոգևոր և ազգային ինքնության պահպանման գրավական կհանդիսանա՝ Վալենսիայում և նրա մոտակայքում ապրող ավելի քան հինգ հազար հայերի, ինչպես նաև գալիք սերունդների համար։