Երեկ՝ Սբ. Պետրոս և Պողոս առաքյալների տոնի առիթով հանդիսավոր արարողության ավարտին Հռոմի Պապը հորդորեց ամբողջ աշխարհի հավատացյալներին հուլիսի 1-ին աղոթել Լիբանանի համար։
«Հրավիրում եմ բոլորին հոգեպես միանալ մեզ՝ աղոթելու, որ խորը ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանը ոտքի կանգնի և նորից աշխարհին ցույց տա իր խաղաղության և հույսի դեմքը»:
Հինգշաբթի օրը Լիբանանում գործող բոլոր Քրիստոնյա Եկեղեցիների առաջնորդները կհանդիպեն Վատիկանում՝ Սրբազան Քահանայապետի գլխավորությամբ միասնաբար աղօթելու և խորհրդակցելու խաղաղության վերականգման և երկրի ապագայի վերաբերյալ։
Վատիկանում միասնական աղոթքի և խորհրդակցության այդ օրվան կմասնակցի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, որն այսօր ժամանեց Հռոմ։
Օդանավակայանում վեհափառ Հայրապետին դիմավորեցին Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիար Կարեն Նազարյանը։