Ամստերդամի Սբ․ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի նախաձեռնությամբ և Ամստերդամի հայ առաքելական Սբ․ Հոգի եկեղեցու համագործակցությամբ կազմակերպվում է հերթական առաքելությունը Քարվաճառից, Լաչինից, Հադրութից և Շուշիից տեղահանված փախստականների համար: Այս դժվարագույն պայմաններում շատ ընտանիքներ հաստատվել են Գանձասար վանքի շրջակա գյուղերում: Մարդասիրական օգնությունը՝ որ մեծավ մասամբ երեխաների և մեծահասակների համար նախատեսված տաք ձմեռային հագուստ է՝ այսօր Ալսմեր քաղաքից ուղևորվեց Հայաստան: Երևան ժամանումը սպասվում է դեկտեմբերի 29-ին:
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անդամները շնորհակալություն են հայտնել մեր հայրենակիցներին և բազմաթիվ սրտացավ հոլանդացիներին` բեռները հավաքագրման, իսկ Մայդրեխտի Tatev Auto ընկերությանը` նյութատեխնիկական աջակցության համար:
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը և Ամստերդամի Սբ․ Հոգի եկեղեցու խորհուրդը մտադիր են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել նմանատիպ օգնություն ցուցաբերել Արցախի կարիքավոր ընտանիքներին:
Հիշեցնենք, որ Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը ինքնաթիռներով արդեն մի քանի անգամ կանոնավոր օգնություն է առաքել և սա էլ վերջինը չէ: