Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու մշտական ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը երեկ երեկոյան իտալական Բոլոնիա քաղաքում հյուրընկալվեց Ուղղափառ Եկեղեցու Տ.Տ. Բարդուղիմեոս Ա. Տիեզերական Պատրիարքի կողմից։ Նորին Սրբութիւնը և Սրբազան Հայրը մասնակցում էին միջազգային միջկրոնական ֆորումին, կազմակերպված Մեծ քսանյակի G20 գագաթնաժողովի շրջանակներում։
Ֆորումի աշխատանքային օրակարգից դուրս Տ.Տ. Բարդուղիմեոս Ա. Պատրիարքը երեկ երեկոյան Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հետ առանձին հանդիպում ունեցավ, որին ներկա էր նաև Քաղկեդոնի Էմմանուել Մետրապոլիտը։ Շուրջ կես ժամ տևողությամբ զրույցի ընթացքում Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները, որոնց փոխադարձեց տիեզերական պատրիարքը։
Զրուցակիցները անդրադարձան Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ հաստատված աստվածաբանական երկխոսության գործընթացին վերաբերվող նյութերին, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցին Բոլոնիայում կազմակերպված ֆորումի աշխատանքների շուրջ։