ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Խաժակ Արք․ Պարսամյանի հանդիպումը կարդինալ Ռավազիի հետ

Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ս․թ․ դեկտեմբերի 3-ին հանդիպեց Մշակույթի քահանայապետական Խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի և քարտուղար եպիսկոպոս Պոլ Տայի հետ: Մշակույթի քահանայապետական ​​Խորհուրդը Հռոմեական Կուրիայի բաժինն է, որը զբաղվում է Կաթոլիկ եկեղեցու և այլ եկեղեցիների ու մշակույթների միջև հարաբերությունների զարգացմամբ:

Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի հայ քրիստոնեական ժառանգությանը և այլ պատմամշակութային հուշարձաններին սպառնացող վտանգի կապակցությամբ։ Նա տեղեկացրեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կողմից՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ստեղծման մասին՝ ի պատասխան Արցախի վերջին պատերազմի ընթացքում եկեղեցիների և այլ հուշարձանների կանխամտածված ոչնչացմանը:

Նա նշեց, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը Հայ Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից է՝ նկատի ունենալով ոչ հեռու անցյալում Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, հազարավոր խաչքարերի, եկեղեցիների և այլ հուշարձանների համակարգված կերպով ոչնչացման փաստը։

Այնուհետև, Սուրբ Հայրը հայցեց Սուրբ Աթոռի աջակցությունը` Արցախի համար այս կենսական և հնագույն եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաև քրիստոնեական ժառանգության և ավանդույթների պահպանման գործում:

Կարդինալ Ռավազին շնորհակալություն հայտնելով հիմնախնդիրների մասին իրեն իրազեկման համար՝ ընդգծեց նրանց հրատապությունը և կարևորեց օպերատիվ արձագանքը ստեղծված իրավիճակին։  Կարդինալը պատմեց նաև Հայաստան կատարած իր երկու այցերի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպումների մասին: Նա վստահեցրեց, որ Մշակույթի քահանայապետական խորհուրդը հետևում է զարգացումներին և պատրաստ է իր փորձը և ազդեցությունն առաջարկել Մայր Աթոռին աջակցելու համար, շեշտելով Վատիկանի պատրաստակամությունը` հայոց քրիստոնեական ժառանգության պահպանման խնդիրը ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության: