Երկուշաբթի՝ 28 փետրվարին, Կաթոլիկ Եկեղեցու տոնացույցի համաձայն Ս. Գրիգոր Նարեկացու հիշատակության օրվա առիթով Վատիկանում՝ Ս. Թովմաս Աքվինացու անվան քահանայապետական համալսարանի համալիրում, հանդիսավոր միջոցառում կայացավ։
Նա բաղկացած էր երկու մասից։ Նախ տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք, որին հանդիսապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ս. Աթոռում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը և Քրիստոնյա միասնության քահանայապետական խորհուրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխը։ էկումենիկ աղոթքին հետևեց ամերիկահայ պրոֆ. Աբրահամ Տերյանի հեղինակած գիտական ծանոթագրություններով անգլերեն «Ի խորոց սրտի» գիրքի շնորհանդեսը քահանայապետական համալսարանի դահլիճում։
Եկեղեցական արարողության սկզբին Խաժակ Սրբազանը շնորհակալություն հայտնեց Կարդինալ Կոխին և Կարդինալ Սանդրիին, որոնց հովանավորությամբ և մասնակցությամբ՝ Ս․ Աթոռում ՀՀ դեսպանության և Ս. Թովմաս Աքուինացիի քահանայապետական համալսարանի կազմակերպված էր Ս. Գրիգոր Նարեկացու հիշատակության օրվա ծրագիրը։ Ապա աղոթք վերառաքեց համայն աշխարհի ու մասնավորապես Ուկրաինայի մեջ խաղաղության վերահաստատման համար։
Կարդինալ Կոխը իր խոսքի մեջ նշեց, որ հայազգի մեծանուն սուրբը և ընդհանրական եկեղեցու վարդապետ Ս. Գրիգոր Նարեկացին այս տարի ևս համախմբեց զանազան եկեղեցիների ներկայացուցիչներ՝ միջեկեղեցական աղոթքով իր հիշատակության օրվան առթիվ։ «Մենք իր բարեխոսությունն ենք խնդրում՝ դեպի լիարժեք հաղորդության ճանապարհին։ Կոչ ենք ուղղում Ս. Գրիգորին, որին հաճախ անվանում են Խաղաղության վարդապետ, աշխարհի վրա՝ հատկապես Ուկրաինայում խաղաղության հաստատման համար։
Էկումենիկ արարողության ընթացքին քարոզեց Արևելյան եկեղեցիների քահանայապետական խորհուրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։ Քարոզիչ կարդինալը մեջբերումներ արեց Ս. Գրիգոր Նարեկացուց և ներկաներին հրավիրեց, որպեսզի աղոթեն հայազգի սուրբի աղոթքով, իր ձայնով՝ Տիրոջը խնդրելով նույն հավատքի և նույն խորության խորհրդածության պարգևը։ «Սիրելի հայ բարեկամներ, չնայած Ձեր նախանձախնդրությանը ձեզ պահելու Նարեկացուն՝ որպես զավակ մի ժողովրդի և մի եկեղեցու, որը միակն է իր պատմության, այբուբենի, լեզվի և արվեստի յուրահատկություններով, նա դարձավ բոլորինը՝ հռչակվելով Ընդհանրական Եկեղեցու վարդապետ», ասաց Կարդինալ Սանդրին։ Ներկաների շարքում էին ղպտի, անգլիկան և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբաններ, հայ կաթոլիկ եկեղեցու Հալեպի թեմակալ՝ Գերապայծառ Միրիաթյանը, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, այլ զանազան եկեղեցիների հոգևորականներ, ակադեմական շրջանակների դեմքեր և հավատացյալներ, ինչպես նաև Վատիկանի Ս. Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը։