ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Սբ. Հարության Պատարագը Ամստերդամի Սբ․ Հոգի հայ եկեղեցում

Ամստերդամի և Հոլանդիայի հայ համայնքը, համավարակի ստեղծած սահամանափակումներից հետո, այս տարի դարձյալ առիթն ունեցավ Զատկական Սուրբ Պատարագը նշել դռնբաց բոլոր հավատացյալների համար։ Տոնական պատարագը մատուցվեց Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի ձեռամբ և օգնականությամբ Արժշ․ Տ․ Տարոն Քհն․ Թադևոսյանի։ Սուրբ և Անմահա պատարագին իրենց մասնակցությունը ունեցան Ամստերդամից և շրջակա քաղաքներից ժամանած 1000 և ավելի հավատացյալ հայորդիներ։ Սրբազան Հայրն իր քարոզի մեջ հիշատակեց մեր ժողովրդի անցած դժվարին ճամփան՝ խաչի ճամփան, որին միշտ հաջորդել է հաղթանակը՝ Հարությունը։ Տեսնել եկեղեցին լեցուն ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներով, լավագույն վկայությունն է հարության։ Հարություն առած մեր Տերը, բազմիցս է հարություն պարգևել մեր ժողովրդի զավակաց, և այսօր էլ, թեև ծառացած են մեր առջև բազում մարտահրավերներ, սակայն հարության հույսով ու հավատով ենք ապրում, Տիրոջ օրհնաբեր շնորհներով ներշնչված լավատեսությամբ ենք նայում ապագաին և ջանում կերտել հաղթանակներ մեր կյանքում։ Սրբազան Հայրն ուրախություն ապրեց հատկապես տեսնելով եկեղեցում բազմաթիվ երիտասարդների, հորդորեց նրանց, որ լավ պահեն իրենց հայրենի ավանդություններն ու ժառանգությունը, սովորեն մայրելի լեզուն, հետաքրքրվեն մեր ազգային և հոգևոր կյանքով և ակտիվ մասնակցություն ունենան վաղվա մեր բարօր կյանքի կերտմանը։