Ս․թ․ մարտի 31-ին Հռոմի Սբ․ Թովմաս Աքուինացու անվան Քահանայապետական համալսարանում տեղի ունեցավ «Քրիստոնեական միասնություն․ Մի ցանկության պատմություն, 19-21-րդ դդ․» գրքի շնորհանդեսը։ Երկհատորանոց աշխատության վերջերս լույս տեսած այս առաջին հատորում, որը բաղկացած է 34 հեղինակների գիտական ուսումնասիրություններից՝ ներկայացված են՝ XIX դարի սկզբից մինչև XX-րդ դարի կեսը ընկած ժամանակահատվածում՝ միջեկեղեցական շարժման ծագման հիմքերը և զարգացման պատմական, աստվածաբանական ու քաղաքական նախապայմանները։ Հանդեսին հրավիրված էր մասնակցելու նաև Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։
Սրբազան Հայրը իր ելույթում նախ բարձր գնահատանք արտահայտեց այս ծավալուն և կարևոր հրատարակության հեղինակներին և կազմողներին, նրանում ներառված հանգամանալից և խորաթափանց բազմակողմ ուսումնասիրությունների համար։ Նա նշեց, որ աշխատության մեջ ամփոփված է բազում՝ տարբեր քրիստոնյա դավանանքներին պատկանող հոգևորականների, աստվածաբանների, պատմաբանների անձնուրաց գործունեության արդյունքը՝ հօգուտ շուրջ 120-ամյա պատմություն կերտած միջեկեղեցական շարժման ձևավորմանը, զարգացմանը և ամրապնդմանը։ Այդ շարժման շնորհիվ քրիստոնեական եկեղեցիները հաղթահարեցին դարերի ընթացքում ստեղծված պատնեշները՝ թշնամությունը աստիճանաբար վերածելով երկխոսության և հաղորդության արտահայտության։
Անդրադառնալով հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարներին, նա կարևորեց, համայնքային և ծխական մակարդակին, տարբեր Եկեղեցիների հավատավորների ու հոգևորականների ավելի սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև Եկեղեցու հոգևոր հովիվների ու աշխարհական սպասավորների նոր սերնդի ձևավորումը՝ փոխադարձ առանձնահատկությունների և տարբերությունների ճանաչման, հարգանքի և համագործակցության ոգու ներքո։
Ելույթով հանդես եկան նաև Քրիստոնյաների միասնության Քահանայապետական խորհուրդի քարտուղար՝ եպիսկոպոս Բրայն Ֆարելը, խորհուրդի Արևելյան Եկեղեցիների հարցերով պատասխանատու ու վերոնշյալ համալսարանի դասախոս Հայր Հյասանթ Դեստիվելը և Վալդենսյան Եկեղեցու ընդհանուր քարտուղար Ալեսանդրա Տրոտտան։
Բանախոսությունների շարքը եզրափակեց հոդվածներից մեկի հեղինակ և գիրքը կազմող՝ Կրոնական գիտությունների հիմնադրամի քարտուղար, Իտալիայի Ազգային ակադեմիայի անդամ, Եվրոպական կրոնների ակադեմիայի հիմնադիր՝ Պրոֆ. Ալբերտո Մելոնին։