ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարութիւն ցուցաբերել Արցախում ծանր կացութեան մէջ յայտնուած ժողովրդին եւ պատերազմի հետեւանքով արցախեան գիւղերից տարհանուած եւ Հայաստանում ապաստանած ընտանիքներին։

Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի միջոցով իրականացուող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծուած յանձնախումբը՝ ատենապետութեամբ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ․ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի։ Յանձնախմբի կազմում ընդգրկուած են եկեղեցականներ եւ աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ բոլոր մայրցամաքներից։

Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում ունեցաւ յանձնախմբի հետ։ Նորին Սրբութիւնը հայրական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց յանձնախմբի անդամներին, որ այս դժուարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցութիւնը բերել Արցախի հայորդիներին:

Հայոց Հովուապետն անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի առջեւ ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրաւէրներին՝ ընդգծելով, որ առկայ պայմաններում Հայոց Եկեղեցին պէտք է անի ամէն անհրաժեշտը՝ առաւելագոյնս աջակցութիւն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց յանձնաժողովի առաքելութիւնը՝ յոյս յայտնելով, որ նախատեսուած գործունէութիւնը կը ստանայ համազգային եւ համասփիւռքեան ընդգրկում:

Հանդիպման ընթացքում քննարկուեցին առաջիկայում ձեռնարկուելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի եւ ազգային հաստատութիւնների համագործակցութեանն առնչուող հարցեր։