Նոյեմբերի 2-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և Իսպանիայի Սևիլիա քաղաքի «Էրեբունի» համայնքի հոգատար ջանքերի շնորհիվ կայացավ Կադիսի Սուրբ Մարիա վանքի Հիսուս Նազովրեցու անվան մատուռի արտաքին պատին փակցված հուշատախտակի բացման միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին Կադիսի քաղաքապետ Բրունո Գարսիան, քաղաքային կառավարության տեղակալ Բլանկա ֆլորեսը, ԱՄՆ Նևադա նահանգի հոգևոր առաջնորդ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, Ռիգայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տ․ Խոսրով քահանա Ստեփանյանը, Մալագայի Սբ․ Աստվածածին եկեղեցու հովիվ Տ․ Թորոս քահանա Եսայանը, Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Իսպանիայում ՀՀ Սփյուռքի նախարարության հանձնակատար Հասմիկ Թորոսյանը, Սևիլիայի Էրեբունի համայնքի ղեկավար Հակոբ Յափուջյանը, Կադիսի միաբանության մեծավոր Հայր Խասինտո Պլազան, եկեղեցու հովիվ Հայր Աքիլես Լոպեսը, ծխական խորհրդի անդամներ և Կադիս ժամանած հարյուրավոր հայ ուխտավորներ:
Դեռևս 17-րդ դարում էր հաստատվել հայերի և Հիսուս Նազովրեցու անվան եղբայրության պատմական կապը, երբ Նոր Ջուղայեցի հայ առևտրական Դավիթ, Պողոս և Հակոբ եղբայրները 1670 թվականին միաբանությանը նվիրեցին Սբ․ Մկրտության ավազանը, Եկեղեցու զատկական երթի փայտե մեծ խաչը, և պատերին փակցված թանկարժեք խեցե սալիկները, որոնց վրա առ այսօր պահպանված են հայատառ արձանագրությունները կատարվածի մասին:
Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք Իսպանիայում ԴԱՆԱ փոթորիկի հետևանքով եղած զոհերի: Առաջին խոսքը տրվեց միաբանության մեծավոր Հայր Խասինտո Պլազային: Նա իր խոսքում կարևորեց կաթոլիկ եղբայրության և հայ ժողովրդի հարյուրամյա բարեկամությունը, որն արդեն տևում է մոտ չորս դար՝ սկսյալ Իսպանիայի թագավոր Կարլոս 2-ի կառավարման օրերից: Նաև միաբանների անունից իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին և ընդգծեց, որ այսօր Կադիսի մատուռի պատմության մի նոր էջ գրանցվեց: Խոսքը փոխանցվեց Էրեբունի համայնքի փոխնախագահ Էմիլ Պետրոսյանին: Իր հերթին տիար Պետրոսյանը նկարագրեց միջոցառման կազմակերպչական աշխատանքները, որոնք տևել են մոտ մեկ տարի և կարևորեց, որ այն իրականացվեց ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ, այլ՝ նաև կաթոլիկ եղբայրության համատեղ ջանքերի շնորհիվ:
ԱՄՆ Նևադա նահանգի առաջնորդ Սասուն Ծայրագույն վարդապետը, որը Իսպանիայի հայ համայնքի առաջին հոգևոր հովիվն է եղել, հիշեց 2011թ․ հայ հավատացյալների առաջին ուղտագնացությունը Կադիս: Հայր Սուրբը ընդգծեց, որ Նազովրեցու մատուռը մեծ նշանակություն է ունեցել տեղաբնակ հայության հոգևոր կյանքի ձևավորման գործում, հավելելով, որ այն դարեր շարունակ հանդիսացել է հայության առաջին և միակ Հայկական Եկեղեցին:
Մալագայի Սբ․ Աստվածածին եկեղեցու հովիվ Տ․ Թորոս քահանան ներկաներին փոխանցեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոկպոս Պարսամյանի եղբայրական ջերմ ողջույններն ու օրհնությունները ներկաներին, և նկատեց, որ մատուռը եղել է և կա հայ-իսպանական հարաբերությունների լուռ վկան, որն այսօր ևս շարունակում է իր առաքելությունը, Նշեց նաև, որ Կաթոլիկ ու Հայ Ուղափառ եկեղեցիների և ժողովուրդների միջև եղած աղորթական կապը ունի դարերի պատմություն, և հույս հայտնեց, որ էկումենիկ նման հարբերությունների արդյունքում Կադիսի Հիսուս Նազովրեցու անվան մատուռը հայերի համար կդառնա Սուրբ Ուխտատեղի, ուր տարին մեկ անգամ կմատուցվի ուխտի Սբ․ Պատարագ:
Իր հերթին Կադիսի քաղաքապետ Բրունո Գարսիան ողջյունելով ներկաներին, խոստացավ, որ պետք է խթանի երկու ժողովուրդների միասնության գործին: Պարոն քաղաքապետը մաղթեց Իսպանիայի հայկական համայքներին ամենայն հաջողություն համայնքային և ազգային բոլոր գործերի մեջ: Սբ․ Հիսուս Նազովրեցու հովիվ հայր Աքիլլեսը մի գեղեցիկ առաջարկ արեց և հույս հայտնեց, որ ապագային մատուռը անպայման պետք է փոխանցվի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, քանի որ հայ ժողովրդի ավանդը այդ սրբավայրի կյանքում միշտ ակտիվ է եղել, և այսօր էլ ակնհայտ է այդ հավատացյալ ժողովրդի սերը և հարգանքը դեպի Սուրբ Եկեղեցին:
Միջոցառման պետական և եկեղեցական այրերի ջերմ ելույթներից հետո, հանդիսապետությամբ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի և մասնակցությամբ ներկա հայ և կաթոլիկ հոգևոր դասի կատարվեց էկումենիկ աղոթք՝ նվիրված Հայ և Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական սիրո և միության․ նաև՝ պատմական հուշաքարին օրհնության և բացման արարողություն:
Յավարտ աղոթքի Սևիլիայի Էրեբունի հայ համայնքի ղեկավար Հակոբ Յափուջյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, և հավատացրեց, որ ամեն տարի ուխտավորաբար պիտի այցելի Կադիսի Սրբատեղի։
Տոնական միջոցառմանը ուրախություն պարգևեց նաև հայ երեխաների ազգային պարերի գեղեցիկ կատարումը, որից հետո բոլոր հրավիրվեցին սիրո ճաշի, կամ ինչպես ասվում է ագապեյի: