Ս․թ․ մայիսի 26-27-ը հովվական այցելությամբ Իսպանիայում՝ ի մասնավորի Մադրիդ քաղաքում էր գտնվում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ Արք. Պարսամյանը:
Սրբազան Հոր այցելության նպատակն էր քննարկել Իսպանիայի տարբեր քաղաքներում գործող եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների հետ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության նոր տարբերակը և այն ժողովականների հավանության արժանանալու պարագային՝ ներկայացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատման և այնուհետև Իսպանիայի կառավարության մոտ արձանագրման համար:
Իսպանիայի տարբեր քաղաքներից ներկա ժողովականների հետ քննարկման արդյունքում հաստատվեց Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնադրությունը, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում եկեղեցական-համայնքային կյանքին նոր թափ հաղորդելու համար:
Այցի շրջանակներում Սրբազան Հայրը, եկեղեցական համայնքների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Մադրիդի Մայր Տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարը: