Մարտի 25-ից 27-ը, հովվական այցով Բելգիայում և Նիդերլանդներում գտնվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերշ. Տ. Խաժակ Արք․Պարսամյանը:
Ուրբաթ կեսօրեին, Սրբազան Հայրը հանդիպում ունեցավ Բելգիայի Լիեժ քաղաքի Եպիսկոպոս Ժան Պյեր Դելվիլի հետ, որի ժամանակ ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկվեցին տեղի հայ համայնքի հոգևոր կարիքների ապահովման և միջեկեղեցական համագործակցության հարցերը։
Ապա Սրբազան հայրը ուղևորվեց Նիդերլանդների Ալմելո քաղաքր, որը մոտ 6000 հայ բնակչությամբ հոլանդահայության կարևոր կենտրոններից է։ Այստեղ, 1993-ից սկսած գործում է Ս․ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցին, որը կառուցվել է 1991 թ․-ն հայ համայնքի միջոցներով գնված նախկին դպրոցի շենքի հիման վրա։
Շաբաթ օրը, Եկեղեցուն հարակից սրահում Սրբազան Հայրը նախագահեց Նիդերլանդների տարբեր վայրերից ժամանած Հայ Եկեղեցու ծխերի ներկայացուցիչների ժողովը, որին մասնակցեցին նաև Հոլանդիայում իրենց առաքելությունը կատարող հայ հոգևոր հովիվները։ Քննարկվեցին գործող ծխերի վերակազմավորման, նոր ծխերի ստեղծման, ինչպես նաև մոտ ապագայում Նիդերլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես հաստատություն, կանոնավոր արձանագրման և առանձին թեմական կառույցի հիմնադրման հետ կապված հարցեր։ Այդ նպատակով ներկայացվեց ծխական համայնքների կանոնադրության նախագիծ։
Հաջորդ օրը, Սրբազան Հայրը հանդիպում ունեցավ քաղաքի հայ համայնքային կազմակերպությունների և միությունների վարչությունների անդամների հետ և այցելեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության) նոր կենտրոնը, որտեղ մասնակցեց և իր օրհնությունը բերեց այստեղ կազմակերպված Միջինքի ճաշի սեղանին։
Կիրակի առավոտյան՝ Ալմելոյի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Գերշ. Տ. Խաժակ Արք․ Պարսամյանը հանդիսապետեց Սբ․ և Անմահ պատարագը՝ ձեռամբ քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ Տ․ Մաշտոց Բաղդասարյանի։