ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հանդիսավոր արարողություն Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում

Գերշ․ Տ․ Խաժակ Արք. Պարսամյանը՝ ընդառաջելով Մխիթարյան Միաբանության հրավերին մասնակցեց Մխիթար Աբբահոր երանացման և սրբադասման դատի Վենետիկի թեմական ատյանի եզրափակման արարողությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին Սբ. Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առթիվ՝ Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում։ Հանդիսությանը նախագահեց Վենետիկի Պատրիարք Փրանչեսկո Արքեպիսկիպոս Մորալյան։

Առավոտյան, Սբ. Պատարագից հետո Միաբանության սեղանատանը կազմակերպված պաշտոնական ճաշկերույթի ընթացքին, Խաժակ Սրբազանը փոխանցեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և շնորհավորանքները։
Հարկ է հիշել, որ Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Աստծո Ծառա Մխիթար Սեբաստացի Աբբահոր երանացման և սրբադասման դատը վերաբացվել էր ուղիղ երկու տարի առաջ՝ 2020-ի 8 սեպտեմբերին՝ արարողությամբ Վենետիկի Սբ․ Մարտինոս «San Martino di Castello» եկեղեցում։