ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հանդիպում հոլանդահայ երիտասարդների հետ

Հունիսի 1-ին, Հոլանդիայի Ալմելո քաղաքի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անվանակոչության տոնի կապակցությամբ, տեղի հայ համայնքը պատիվ ունեցավ հյուրընկալելու Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։

Ի դեպ, այս տարին հոբելյանական է, քանի որ սեպտեմբերին նշվելու է Ալմելոյի եկեղեցու 20-ամյակը: Սրբազանի այցի առիթով եկեղեցու սրահում հավաքվել էին ավելի քան 200 հոյանդահայ երիտասարդ հավատավորներ, որոնք եկել էին հաղորդակից դառնալու բազմամյա փորձառության և խորաթափանց մտածողության  տեր հոգևոր առաջնորդի հետ։

Հանդիպման սկզբում Սրբազանը իր խոսքով ընդգծեց Հայ Եկեղեցու պատմական և հոգևոր նշանակությունը, անցյալից սերող նրա հարուստ ժառանգությունը, որ սերտ առնչություն ունի համայնքի ներկա և ապագա բաղձանքների հետ: Ապա  մասնակիցներին հրավիրեց՝ այդ մտորումներով առաջնորդվելով, քննարկելու կատարելիք անձնական ներդրումների մասին՝ եկեղեցու բարօրության և իրենց հավատքի զորացման համար:

Ելույթից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցադրումների և մտքերի փոխանակման միջոցով անմիջականորեն շփվելու Սրբազանի հետ, ինչի շնորհիվ դահլիճում միանգամից ստեղծվեց ջերմ մթնոլորտ՝ անկեղծ երկխոսության ոգու ներքո։

Միջոցառման ավարտին կազմվեց մի քանի աշխատանքային խումբ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու անձի ձևավորման և եկեղեցանպաստ գործունեության հաջողության գրավականների վերաբերյալ հարցեր: Քննարկումների ընթացքում մեծ արձագանք գտավ Սրբազանի առաջարկած՝ անձի զարգացման և ինքնակառավարման կենտրոնական թեման։ Նա իր խոսքը հիմնավորեց տարբեր օրինակներով և վկայություններովև մատնանշեց այնպիսի մարդկային բարեմասնությունները ինչպիսիք են քաջությունը, կարեկցանքը, վստահելիությունը և ստեղծագործ ոգին: Սրբազանը բացատրեց, որքան կարևոր  են այդ արժեքները մնայուն ժառանգության ստեղծման և անձնական բարձր նպատակներին հասնելու համար:

Սրբազանի պատգամները, ուղղված երիտասարդներին առանցքային նշանակություն ունեն՝ իրենց անհատականությունը բացահայտելու և իրենց հայկական ժառանգությանը տեր կանգնելու: Նա մասնակիցներին հորդորեց խորամուխ լինել իրենց հայեցուության թաքնված գանձերին, բացահայտել և գնահատել յուրահատուկ մշակութային և հոգևոր արժեքները: Սրբազանը նաև կարևորեց կանանց ներգրավվածությունը և նրանց դերը համայնքի և Եկեղեցու կյանքում, ինչպես նաև  ժամանակակից տեխնոլոգիաների կարևորությունը քրիստոնեական արժեքների տարածման գործում։

Խաժակ Սրբազանը իր եզրափակիչ խոսքով կոչ ուղղեց երիտասարդներին խորապես մտածելու, համարձակորեն գործելու, ամբողջ սրտով պարտավորվելու և  ինքնա​​զարգանալու։ Նա խրախուսեց նրանց օգտագործելու իրենց հնարավոր բոլոր միջոցները՝ դրականորեն նպաստելու իրենց համայնքին և ամրապնդելու այն գաղափարը, որ իրենց ներգործությունը կարող է առանցքային լինել։

Հիմք ընդունելով այս ոգեշնչող իրադարձությունը՝ աշնանը Նիդերլանդներում նախատեսվում է իրականացնել նման հավաք, որ կմիտի համայնքներում խթանել հոգևոր վերածնունդի գաղափարը։ Սրբազան հոր այցի ընթացքում կայանալիք միջոցառման նպատակն է սնուցել ցանված սերմերը եւ առաջնորդել նրանց այն ճանապարհով, որ հիմնված է հավատքի և մշակութային ժառանգության վրա։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի այցը Ալմելո արթնության կոչ էր ողջ համայնքին և հատկապես երիտասարդներին։ Այդ մտորումները ոգեշնչման և՛ անձնական, և՛ հավաքական կյանքի զարթնումի նոր մարտահրավեր էր։

Ներկայիս համայնքը մեծ խանդավառությամբ և հանձնառությամբ պատրաստվում է իրենց եկեղեցու 20-ամյակի ոգեկոչման հանդիսությանը՝ խոր հասկանալով որ իրենք են ժառանգորդները և պահապանները մեր հոգևոր և մշակութային արժեքների։ Այս միջոցառումով համայնքի երիտասարդները  խոստանում են գործով ապացուցել այն ինչի մասին պատգամում էր Սրբազան հայրը։