Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրավերով կաթոլիկ հոգևորականների պատվիրակություն այցելեց Հայաստան՝ խորացնելու իր գիտելիքները հայ քրիստոնեական ավանդության մասին։
Այցը կազմակերպվել էր Վատիկանի Քրիստոնեական միասնության խթանման վերատեսչության (DPUC), Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Վատիկանում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի համագործակցությամբ։
Տարբեր երկրներից (Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Չեխիա) յոթ երիտասարդ հոգևորականներին ուղեկցում էր DPUC-ի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների բաժնի տնօրեն Հայր Հյասինթ Դեստիվելը:
Ծրագիրը ներառում էր այցելություններ Կաթողիկոսարանի տարբեր բաժիններ, ուսումնական կենտրոններ (Գևորգյան և Վազգենյան ճեմարաններ), վանքեր (Խոր Վիրապ և Ղազարավան), թանգարաններ, մատենադարաններ (Ս. Էջմիածնի և Երևանի Մաշտոցի անվան) և Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրերը։
Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռում պատվիրակությանը ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Պատվիրակությունը հանդիպեց նաև այդ օրերին Հայաստանում գտնվող՝ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանին, մինչև ս․թ․ օգոստոսի վերջը Հայաստանում և Վրաստանում Վատիկանի առաքելական նվիրակ, Արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետանկուրին, ապա Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միջեկեղեցական բաժնի տնօրեն Տ․ Շահե Ծ․ Վրդ․ Անանյանին և բազմաթիվ այլ բարձրաստիճան հոգևորականներ ու հովիվներ: Կաթոլիկ հովիվները ներկա գտնվեցին նաև Երևանի հայ կաթոլիկ եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագին։
DPUC-ի կողմից Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների երիտասարդ հոգևորականների համար 2020, 2022 և 2023 թվականներին դեպի Հռոմ կազմակերպված երեք ճանաչողական այցերը նպատակ ունեին խթանել փոխըմբռնումը և եղբայրական հարաբերությունները Քրիստոնյա Եկեղեցիների միջև:
Նշանակալի է, որ այս փոխադարձ այցը Հայաստան վերոհիշյալ այցերից հետո առաջինն էր՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ճանաչման ծրագրի շրջանակներում: