ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Խաղաղության աղոթք և փակման արարողություն Կոլիզեում

«Խաղաղության ճիչ․ Կրոնները և մշակույթները երկխոսության մեջ» եռօրյա միջազգային հավաքը ավարտվեց եզրափակիչ արարողությամբ՝ Ֆրանցիսկոս Պապի նախագահությամբ Հռոմի ամենահայտնի պատմական հուշարձանի՝ «Կոլիզեյում» ամֆիթատրոնի առջև։ Ներկա էին համաշխարհային կրոնների ներկայացուցիչներ, բարձրաստիճան եկեղեցականներ, հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ։

Մինչ այդ, ժամը 16.30-ին զանազան կրոնների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան աղոթելու  խաղաղության համար՝ առանձին վայրերում  և յուրաքանչյուրը իր ավանդության համաձայն:

Քրիստոեական աղոթքը կայացավ Ֆրանցիսկոս Պապի նախագահությամբ ամֆիթատրոնի ներսում, ուր դարեր առաջ բազմաթիվ վաղ քրիստոնյաներ էին հալածվել և նահատակվել։ Փակման արարողությանը ներկա Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, աղոթքից առաջ առիթ ունեցավ մոտենալու և ողջունելու Նորին Սրբությանը, որն տեղեկանալով Սրբազանի Հայաստան ուղևորվելու մասին խոստացավ աղոթել հայ ժողովրդի համար։

Աղոթքի ավարտին բոլոր մասնակիցները համախմբվեցին Կոլիզեումի հրապարակում, ուր բացոթյա բեմահարթակից տեղի ունեցան մի շարք ելույթներ։ Մինչ Սրբազան Քահանայապետի խոսքը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմների, ահաբեկչության, բռնության և մարդկանց շահագործման (տրաֆիկինգի) զոհերի հիշատակը։

Ֆրանցիսկոս Պապը հատուկ երախտագիտություն հայտնեց ներկա գտնվող քրիստոնյա և այլ հավատքի առաջնորդներին, քաջալերված այն նույն եղբայրության ոգուվ, որը 36 տարի առաջ ոգեշնչեց Հովհաննես Պոգոս Բ Պապին նախաձեռնել նման առաջին պատմական հավաքը Սուրբ Ֆրանցիսկոսին ծնունդ տված  Ասսիզի քաղաքում։

«Այս տարի մեր աղոթքը դարձավ ճիչ, որովհետև խաղաղությունը պղծված է, վիրավորված և տրորված», – ասաց Նորին Սրբությունը։ «Այն խեղդոտած և նվաստացված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում»։

Նա հաստատեց, որ պատերազմը քաղաքականության և մարդկության ձախորդության արդյունք է, ամոթալի պարտություն չարի ուժերին։ Խոսելով միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին, նա հավաստիացրեց, որ  յուրաքանչյուր իրավիճակում, Աստծո փրկարար նախագիծը, որը խաղաղության նախագիծ է, չի փոխվում։ Խաղաղությունը Աստծո շնորհ է, բայց նա մշակման կարիք ունի բոլորի և հատկապես հավատացյալների կողմից:

Ֆրանցիսկոս Պապը դիմեց ներկաներին կոչով. «Եկեք ականազերծենք հակամարտությունները Երկխոսության զենքով։ Եկեք չընկնենք թշնամու հանդեպ ատելության թակարդը, եկեք խաղաղությունը դնենք ապագայի տեսլականի հիմքում՝ որպես մեր գործողությունների կենտրոնական նպատակ բոլոր ոլորտներում»։

Նա իր ուղերձն ավարտեց Սուրբ Հովհաննես XXIII-ի խաղաղության կոչի խոսքերով, ուղղված պետությունների ղեկավարներին 1962 թվականի հոկտեմբերին, երբ Կարիբյան ճգնաժամի սրացման պատճառով աշխարհը միջուկային պատերազմի շեմին էր։

Ֆրանցիսկոս Պապի ուղերցի ավարտին Հռոմի համալսարաններից մեկի սիրիացի մի ուսանողուհի, նախկինում փախստական, ընթերցեց Խաղաղության կոչը։

Այդ կոչի մեկ օրինակը՝ Ֆրանցիսկոս Պապի և մի քանի պատվավոր հյուրերի կողմից ստորագրելուց հետո, մի խումբ պատանիներ, Հոլոքոստը վերապրած հունգարացի գրող Եդիթ Բռուկի ընկերակցությամբ այն բաժանեցին արարողությանը ներկա հայտնի քաղաքական, կրոնական ու հասարակական դեմքերին։