ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Դպիրների ձեռնադրություն Բրյուսելում

Կիրակի, 15 հոկտեմբերին, Սուրբ Թարգմանիչ Վարդապետների տոնի ուրախ առիթով, Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում, Սուրբ Պատարագին ներկա էր Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու Ներկայացուցիչ` Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Օրվա պատարագիչն էր Հոգևոր Հովիվ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։

Թարգմանչաց խորհրդի, Քրիստոնեական հավատքի, Եկեղեցու և ազգի ծառայության մասին քարոզեց Խաժակ Արբազանը` հորդորելով, հակառակ ամեն փորձությունների, երբեք չկորցնել մեր հոգևոր բարձր արժեքները. մեր անհատական ու հավաքական հավատքը, հույսը, սերը, Աստուծո և ազգին ծառայության ոգին։

Հավարտ Սուրբ Պատարագի, Սրբազան Հայրը կատարեց ձեռնադրություն։ Դպրության 4 աստիճաններ ստացան, տարիներ ի վեր, եկեղեցու նվիրյալ սպասավորներ` Թովմաս Յալմանը, Վահան Յաղըրյանը, Միսակ Գևորգյանը, Շանթ Դավիթյանը և Նարեկ Չանյանը։

Հավարտ Սուրբ Պատարագի և ձեռնադրության, Եկեղեցու սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն` ի պատիվ Խաժակ Սրբազանի և ձեռնադրված դպիրների։ Բարի և նվիրյալ ծառայություն ենք մաղթում Հայ Եկեղեցու հին և նոր` բոլոր սպասավորներին։